Մեծ անջրպետ կա սովորողի և այն նյութի միջև, որը դասավանդվում է դպրոցում․ Լուսինե Խառատյան
11:31 - 27 հունիսի, 2019

Մեծ անջրպետ կա սովորողի և այն նյութի միջև, որը դասավանդվում է դպրոցում․ Լուսինե Խառատյան

Կրթական քաղաքացիական նախաձեռնության (ԿՔՆ) անդամ, մշակութային մարդաբան Լուսինե Խառատյանի հետ զրուցել ենք կրթության բովանդակության, խնդիրների ու հեռանկարների մասին։

Հայաստանում հանրակրթության բովանդակությունը որոշվում է չափորոշիչների հիման վրա։ Այսինքն՝ յուրաքանչյուր կրթական մակարդակի համար համապատասխանաբար նախ մշակվում են այն չափորոշիչները, որոնց աշակերտը պետք է բավարարի այս կամ այն առարկայի գծով, հետո այդ չափորոշիչների հիման վրա գրվում են դասագրքեր, մշակվում ուսումնական պլաններ։ Պիտի ապահովվի այն բովանդակությունը, որը սահմանվել է չափորոշիչներով։

Հայաստանում նախորդ չափորոշիչները գրվել ու վերամշակվել են մոտավորապես 2009-2012 թթ․-ի շրջանում, այս պահին նորից գործընթացի մեջ ենք, ու դրանք վերանայվում են։ Փորձագետների են հավաքագրում, որոնք կմշակեն նոր չափորոշիչները և հետո արդեն դրանց հիման վրա նոր դասագրքեր կստեղծվեն։

Չափորոշիչներում արտացոլված բովանդակությունը բխում է կրթության և հանրակրթության մասին օրենքներից։ Մասնավորապես ըստ «Հանրակրթության մասին օրենքի», Հայաստանում կրթությունը հիմնվում է ազգային հենքի վրա, ինչը նշանակում է, որ այն բովանդակությունը, որը կլինի հատկապես հասարակագիտական առարկաներում, պետք է ազգային հենք ունենա։

Շատ երկրների օրենքները կրթության հիմքում սովորաբար ազգայինն են դնում․ այլ հարց է, թե այդ ազգայինն ինչպես է սահմանվում։ Հայաստանում, գոնե նախկին շրջանում, այն սահմանվել է շատ նեղ, ազգային, էթնիկ տեսանկյունից, մինչդեռ շատ երկրներում, որտեղ կրթության հիմքում ազգայինն է, ազգայինը հիմնականում պետությունը և/կամ քաղաքացիությունն է ենթադրում։ Հենց դրանից ելնելով էլ բովանդակությունը կարող է տարբերվել։

Իհարկե, օրենքը ուրիշ կետեր էլ ունի, բացի ազգայինից։ Խոսվում է նաև հումանիզմից, հանդուրժողականությունից, իրավունքներից ու ազատություններից, և այլն։ Շատ տարբեր կետեր կան, բայց առաջնային կարևորվում է կրթության ազգային լինելը, ու ինչքան էլ չափորոշիչները վերանայվեն, դրանք պիտի այդ կետը բավարարեն, այլ հարց է, թե ինչպես կմեկնաբանվի ազգայինը նոր չափորոշիչներում և դրանց հիման վրա գրված դասագրքերում։

Կրթության բովանդակությունը շատ ծանրաբեռնված է։ Տարբեր առարկաների հետ կապված տարբեր խնդիրներ կան, իհարկե, բայց դրանցից մեկը, որ անընդհատ քննարկվում է, կրթության բովանդակության ծանրաբեռնվածությունն է։ Գիտելիքի այն ծավալը, որը տրվում է, շատ մեծ է ու այնքան էլ լավ մտածած չէ։

Չափորոշիչները, որոնց մասին խոսեցինք, ունեն մի քանի մաս՝ գիտելիք, այսինքն՝ այն, ինչ պետք է իմանա սովորողը կամ շրջանավարտը, կարողություններ և հմտություններ՝ ինչ պետք է կարողանա անել և արժեքներ։ Բովանդակությունը պետք է բավարարի չափորոշիչներով սահմանված այս երեք խնդիրները՝ յուրաքանչյուր առարկայի գծով որոշակի, սպեցիֆիկ գիտելիք, հմտություններ և արժեքներ տա։

Գիտելիքի առումով դասագրքերը շատ ծանրաբեռնած ու լցված են, բայց այնքան էլ լավ չի վերլուծված, թե այդ գիտելիքն ու այդ ծավալը, որը տալիս է հանրակրթությունը, որքանով է պետք գալու։ Միգուցե ավելի ճիշտ կլինի վերանայել ու տալ հիմնական բազային գիտելիքներ, որոնք կիրառվելու են ու հետո արդեն ավելի նեղ մասնագիտացման միջոցով ոլորտային գիտելիքներ փոխանցել։

Հմտությունների հետ կապված էլ՝ կարծես թե այդքան շատ հմտություններ չի տալիս մեր կրթությունը, իսկ արժեքների սահմանումներն ընդհանրապես շատ լայն են, և այդտեղ էլ փոփոխությունների կարիք կա։

Խնդիրներ կան դասագրքերի հետ կապված։ Եթե բովանդակությունը դիտարկում ենք գիտելիքի, հմտությունների և արժեքների տեսանկյունից ու թե հետո դա ինչպես է արտացոլվում բուն դասավանդման գործընթացում և դասագրքերում, խնդիրներ ենք տեսնում դասագրքերի հետ կապված։ Այս առումով մի շարք հետազոտություններ եղել են, որոնք տարբեր տիպի խնդիրներ են բացահայտել թե՛ անճշտությունների առումով, թե՛ գիտելիքի մատուցման տեսանկյունից։ Պատճառներից մեկն այն է, որ դասագրքերի հեղինակները հիմնականում դասախոսներ են․ ուսուցիչներն այնքան էլ չեն մասնակցել դասագրքերի մշակման գործընթացին, իսկ դասախոսները սովոր չեն այդ տարիքային խմբի հետ աշխատել։

Վերանայման անհրաժեշտություն կա ոչ միայն դասագրքերի, այլ նաև դասավանդվող առարկաներին հատկացված ծավալի առումով․ թե որ առարկան ավելի շատ ծավալ պետք է ունենա, ինչպես պետք է առարկաներն իրար լրացնեն, ինչ միջառարկայական կապեր կան։ Ու այս ամենը ի վերջո պետք է նպաստի ավելի որակյալ կրթության բովանդակությանը։

Երեխան կապը չի տեսնում իր սովորածի և կյանքի միջև։ Բացի վերը նշվածներից, դասավանդման մեթոդները պետք է փոխվեն։ Այս բոլոր համալիր խնդիրները հանգեցրել են նրան, որ Հայաստանում երեխաները սովորելու աստիճանաբար ավելի քիչ մոտիվացիա ունեն։ Բովանդակության առումով այդ կրթությունն իրենց այսօրվա կյանքի հետ չի խոսում և մեծ անջրպետ կա սովորողի և այն նյութի միջև, որը դասավանդվում է դպրոցում։ Բովանդակությունը պետք է որոշակի փոփոխությունների ենթարկվի նաև այս տեսանկյունից։

Օրենսդրական փոփոխություններն այս պահին այդքան էլ ակտուալ չեն բովանդակության առումով։ Այս պահին կարևորը չափորոշիչների վերանայումն է, որոնք կսահմանեն նոր բովանդակություն, կրթության հանդեպ նոր բովանդակային պահանջներ․ վերանայման ընթացքում այնպես անելը, որ այդ չափորոշիչները համընկնեն թե՛ մեր օրենսդրությանը, թե Հայաստանի միջազգային պարտավորություններին, որովհետև մենք կրթության բովանդակության հետ կապված նաև որոշակի պարտավորություններ ենք ստանձնել։ Օրինակ՝ ՄԱԿ-ի` երեխայի իրավունքների մասին կոնվենցիան ունի ամբողջ կետ կրթության բովանդակության մասին, որտեղ ասվում է, որ կոնվենցիան ստորագրող երկրները պարտավորություն են ստանձնում՝ խաղաղության, հանդուրժողականության և այլն ու դպրոցում այդ կետերի առումով բովանդակության ապահովման։

Դրանից հետո հաջորդ քայլը այդ չափորոշիչների հիման վրա դասագրքերի, ուսումնական պլանների ստեղծումն է ու նաև ուսուցիչների վերապատրաստումը, որոնք կկարողանան այդ նոր բովանդակությունը նոր մեթոդներով մտցնել դպրոց։

Շատ կարևոր է հատկապես ավագ դպրոցի վերանայումն ու վերակառուցումը բովանդակության տեսանկյունից, որովհետև փաստն այն է, որ հիմա ավագ դպրոցում երեխաները կրկնում են այն ամենը, ինչ անցել են մինչև ավագ դպրոց հասնելը։ Դա իրենց ոչինչ չի տալիս ո՛չ գիտելիքների, ո՛չ հմտության և ո՛չ արժեքների տեսանկյունից։ Ճիշտ կլիներ, որ ավագ դպրոցի ուսուցումը ավելի կիրառելի, պրակտիկ բնույթ կրեր, և աշակերտներն իսկապես նոր գիտելիքներ ձեռք բերեին, ոչ թե կրկնեին սովորածը։ Ավելի լավ կլինի, որ ավագ դպրոցում կրթությունը այնպես կառուցվի, որ երեխաները կարողանան պրոյեկտային ուսուցման միջոցով սովորել, որտեղ կկարողանան կիրառել մինչև այդ ձեռք բերած տեսական ու գործնական գիտելիքներն ու ավելի մեծ փորձ կուտակել մինչև դպրոցն ավարտելը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել