tert.am: Եվրամիությունը վճռականորեն դատապարտել է եմենյան Ադենի միջազգային օդանավակայանի հրթիռակոծությունը, որտեղ գտնվելիս են եղել երկրի նոր կառավարության անդամները: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոյի հայտարարությանը:
«ԵՄ-ը վճռականորեն դատապարտում է նոր կառավարության անդամների ժամանումից անմիջապես հետո Ադենի օդանավակայանի վրա հարձակումը: Սա բռնության անընդունելի գործողություն է, որը տեղի է ունենում Էրռիադյան համաձայնագրի համապարփակ քաղաքական լուծման իրագործման առանցքային պահին»,- նշվում է հաղորդագրությունում:
Բացի այդ՝ ԵՄ-ն իր ցավակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին և վերահաստատել, որ Եմենում առկա հակամարտությունը կարգավորելու համար կա միայն քաղաքական լուծում:
Հիշեցնենք, որ Ադենի օդանավակայանի ժամանումների սրահում ուժեղ պայթյուն էր որոտացել Սաուդյան Արաբիայից ինքնաթիռով կառավարական պատվիրակության՝ այնտեղ ժամանելու պահին։
comment.count (0)