Տիգրան Խաչատրյանը GMIS 2019 գագաթնաժողովին ներկայացրել է ԵՏՄ միասնական արդյունաբերական քաղաքականության մշակման մասին դիտարկումներ
08:11 - 10 հուլիսի, 2019

Տիգրան Խաչատրյանը GMIS 2019 գագաթնաժողովին ներկայացրել է ԵՏՄ միասնական արդյունաբերական քաղաքականության մշակման մասին դիտարկումներ

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Տիգրան Խաչատրյանը հուլիսի 9-10-ը Եկատերինբուրգում մասնակցում է Արտադրության և արդյունաբերության գլոբալ գագաթնաժողովին (GMIS 2019)։

«Գագաթնաժողովի նպատակն է արտադրողների, կառավարությունների, ՀԿ-ների, տեխնոլոգների և ներդրողների միջև կամուրջներ ստեղծել, ինչպես նաև քննարկել Չորրորդ Արդյունաբերական հեղափոխության գլոբալ տնտեսության վերափոխման հեռանկարները։

Տիգրան Խաչատրյանը որպես բանախոս մասնակցել է «Բազմազանեցված զարգացում և Եվրասիայի արդյունաբերական մրցունակության ապագայի սահմանում. քաղաքականությունից մինչև գործնական քայլեր» խորագրով նախարարական պանելային քննարկմանը։

Նախարարը ներկայացրել է ԵՏՄ միասնական արդյունաբերական քաղաքականության մշակման մասին դիտարկումներ՝ ընդգծելով բարձր տեխնոլոգիաների ներգրավումը արտադրական գործընթացներում արտադրողականության բարձրացման համատեքստում։ ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնացել է նաև Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների արդյունաբերության նախարարների հանդիպմանը։

Տիգրան Խաչատրյանը մի շարք օրակարգային հարցերի շուրջ քննարկումներ է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերության համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Ալեքսանդր Սուբոտինի հետ։

Նախարար Խաչատրյանը Եկատերիբուրգում ՀՀ հյուպատոս Նարեկ Սպարտակյանի ուղեկցությամբ հանդիպել է մի շարք ձեռնարկատերերի հետ՝ քննարկելու Հայաստանում բիզնես գործունեություն ծավելելու հնարավորությունները։ Հուլիսի 10-ին Տիգրան Խաչատրյանը կշարունակի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպումները և քննարկումները, ինչպես նաև կայցելի GMIS 2019-ի շրջանակներում կազմակերպված արդյունաբերական արտադրանքի ցուցահանդեսը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել