Տաթեւիկ Հայրապետյանը համամիտ չէ, որ գերիների վերադարձի հարցը ԵԽԽՎ նիստի օրակարգ չընդգրկելը ձախողում է
 |armtimes.com|
22:50 - 25 հունվարի, 2021

Տաթեւիկ Հայրապետյանը համամիտ չէ, որ գերիների վերադարձի հարցը ԵԽԽՎ նիստի օրակարգ չընդգրկելը ձախողում է |armtimes.com|

armtimes.com: Այսօր ԵԽԽՎ-ում մեկնարկեց ձմեռային նստաշրջանը, որին մասնակցելու նպատակով Ստրասբուրգ են մեկնել նաեւ հայկական պատվիրակության անդամները:

Լիագումար նիստի ընթացքում առաջարկ էր ներկայացվել քննարկել հայ ռազմագերիների վերադարձի անհիմն ձգձգման հարցը: Առաջարկը, սակայն, մերժվեց վեհաժողովի պատվիրակների մեծամասնության կողմից: Փոխարենը, վեհաժողովի պատվիրակների մեծամասնությունը կողմ քվեարկեց ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հարցով հրատապ քննարկում կազմակերպելու հարցին:

Գերիների հարցը ԵԽԽՎ քաղաքական խմբերում բարձրացրել է նաեւ մեր պատվիրակության անդամ Տաթեւիկ Հայրապետյանը: Նրա հետ զրույցը՝ ստորեւ.

- Տիկին Հայրապետյան, այսօր Ստրասբուրգում մեկնարկել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, որը Covid-ի համավարակի տարածումից հետո առաջին անգամ է գումարվում հիբրիդ (հեռավարի ու ֆիզիկական ներկայության համադրությամբ) տարբերակով: Ի՞նչ խնդիր էր իր առջեւ դրել հայկական պատվիրակությունն այս նստաշրջանին մասնակցելով եւ ինչպե՞ս եք գնահատում առաջին օրը:

- Մեր թիվ մեկ նպատակն է գերիների և պատանդ պահվող այլ անձանց վերադարձի հարցը: Թե՛ քաղաքական խմբերում, թե՛ հանձնաժողովների նիստերին և թե՛ լիագումար նիստի ժամանակ հայկական պատվիրակության անդամները շեշտում են, որ Ադրբեջանը արհեստականորեն ձգձգում է գերիների վերադարձը, ինչը սպառնալիք է այդ մարդկանց կյանքի համար: Նշեմ, որ մենք նախաձեռնել էինք և առաջարկել անցկացնել հրատապ քննարկում հայ ռազմագերիների հայրենադարձության հարցով՝ ընդգրկելով այն ԵԽԽՎ օրակարգում, սակայն մեր առաջարկը, ցավոք, մերժվեց: Մերժվելով հանդերձ հարցը այնուամենայնիվ ուշադրություն գրավեց լիագումարի նիստի ժամանակ, օրինակ քաղաքական խմբերից ԵԺԿ–ի և ԱԼԴԵ–ի ղեկավարները խոսեցին խնդրի կարևորության մասին:

-  Գերիների հարցի քննարկման մերժումը նշանակում է, որ այդ հարցն այլեւս հնարավոր չէ՞ օրակարգ բերել: Թե՞ այլ տարբերակներ կօգտագործեք հարցը բարձրացնելու համար:

-Ինչպես նշեցի նախորդիվ, չնայած մերժմանը՝ հարցն այդուհանդերձ ուշադրության արժանացավ և քաղաքական խմբերից երկուսի ղեկավարները խոսեցին թեմայի կարևորության մասին: Գերիների թեման մեր թիվ մեկ առաջնահերությունն է և օգտագործելու ենք բոլոր հնարավոր հարթակները, ինչպես նաև անձնական հանդիպումների ձևաչափը խնդիրը բարձրաձայնելու համար՝ փորձելով մեր գործընկերներին ցույց տալ, որ Ադրբեջանի վրա անհրաժեշտ է ճնշում գործադրել իր ստանձնած պարտավորությունները կատարելու համար:

- Տիկին Հայրապետյան, արդեն կան քննադատություններ, թե ինչ իմաստ ուներ պատվիրակության մեկնումը, եթե չէիք կարողանալու գերիների հարցը օրակարգ մտցնել: Համամի՞տ եք որոշ ձեւակերպումների հետ, որ այդ հարցը օրակարգում չընդգրկելը դիվանագիտական հերթական տապալումն է:

-Իհարկե ոչ, ԵԽԽՎ–ի գործունեությանը ծանոթ յուրաքանչյուր նախկին պատգամավոր շատ լավ տեղյակ է ԵԽԽՎ ընթացակարգերից, այս հարթակում կարելի է բազմաթիվ նախաձեռնություններով հանդես գալ և հաջողել կամ չհաջողել: Իհարկե, շատ ավելի լավ կլիներ, որ խնդիրն ընդգրկվեր օրակարգում, բայց չընդգրկվելով հանդերձ՝ այն քննարկման թեմա դարձավ: Օրակարգ մտցնելու առաջարկն իսկ դարձրեց թեման ուշադրության առարկա, բացի այդ՝ մենք հարցը բարձրաձայնում ենք բոլոր հնարավոր հարթակներով:

Կարդալ ավելին՝ armtimes.com-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել