azatutyun.am: Քանի դեռ վերջնական չենք հանգել խաղաղության, չենք ստորագրել պայմանագիրն, ու ձեռքսեղմում չի եղել, էսկալացիայի վտանգը կա, խորհրդարանում 2024թ. բյուջեի կատարողականի քննարկմանն ասաց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
«Ինչո՞ւ են կրակում, չեմ կարող ասել, բայց Հայաստանի դիրքորոշումը մեկն է՝ ստեղծենք միասնական, համատեղ հետաքննող մեխանիզմ, որի արդյունքում էլ կարելի է պարզել՝ հրամա՞ն են կատարում այդ զինվորները, ինքնուրույն գործողությո՞ւն են արել»,- նշեց նախարարը:
Սյունիքի սահմանամերձ գյուղերում կրակոցները մշտական են դարձել, փոխանցում են տեղի բնակիչները: Այս կրակոցները հաջորդեցին հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցմանը, որն Ադրբեջանը չի ստորագրում։
Խոսելով հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի մասին՝ Արարատ Միրզոյանը ձեռքբերում որակեց դրա համաձայնեցումը: Ստորագրման վերաբերյալ, սակայն, որևէ նորություն նա չհայտնեց: Ընդդիմադիր պատգամավորների հարցերին, թե ադրբեջանական կողմի պայմանների կատարումը ինչպե՞ս կարող է համարվել ձեռքբերում, նախարարն արձագանքեց. «Այդ կետերին համաձայնել ենք նաև այն պատճառով, որ մնացած համաձայնեցված փաստաթղթի հետագան չդառնա մշուշոտ»։
Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շատ իրատեսական համարեց Երևանի հարաբերությունների մոտալուտ կարգավորումը թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի հետ:
«Կան լուրջ շանսեր», - ասաց նա՝ առանց պարզաբանելու, թե ինչով է այդ լավատեսությունը պայմանավորված:
Մինչ Միրզոյանը խոսում էր հարևանների հետ հարաբերությունների կարգավորման մասին, կառավարությունը հայտնեց, որ վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ: Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են Հայաստան–Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր ու պայմանավորվել շարունակել երկխոսությունը։
Երևանը մի քանի անգամ հայտարարել է, որ պատրաստ է ստորագրել պայմանագիրը, սակայն Ադրբեջանն այն չի ստորագրում։ Փաստաթղիթի կնքման համար Բաքուն շարունակ պնդում է իր նախապայմանները՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխություն և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում:
comment.count (0)