armenpress.am: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի կարծիքով՝ Եվրոպական միության անդամ երկրների կողմից ՀՀ քաղաքացիներին տրվող վիզաների տրամադրման կամ հարցազրույցների գործընթացը մտահոգիչ է, սակայն հարցի լավագույն լուծումը վիզաների ազատականացման գործընթացի արդյունավետ և հնարավորինս արագ ավարտն է։
ՀՀ ԱԳ նախարարն այդ մասին խոսել է Ազգային ժողովում՝ անդրադառնալով ԵՄ անդամ երկրների կողմից Հայաստանի քաղաքացիներին վիզաներ տրամադրելու շուրջ առաջացած բարդություններին։
«Եվրոպական միության անդամ երկրների կողմից մեր քաղաքացիներին տրվող վիզաների տրամադրման կամ հարցազրույցների գործընթացն իսկապես մտահոգիչ է։ Մենք այս հարցը մեր գործընկերներին մշտապես ներկայացնում ենք։ Հնչում են տեխնիկականից մինչև ֆինանսական պատճառաբանություններ։ Ընդունում եմ խնդրի լեգիտիմությունն ու գոյությունը։ Առաջին անգամ չէ, որ ասում եմ՝ մենք մեր ԵՄ գործընկերների հետ աշխատում ենք»,-նշել է Միրզոյանը։
Միրզոյանի կարծիքով՝ հարցի լավագույն լուծումը վիզաների ազատականացման գործընթացի արդյունավետ և հնարավորինս արագ ավարտն է։
«Գաղտնիք չէ, որ Հայաստանն իր բաժին գործն ունի անելու և միայն ԵՄ դաշտում մնացած որոշումը չէ․ սկսած կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրումից՝ մինչև բազմաթիվ հարցերի կարգավորում»,-շեշտեց Միրզոյանը։
Անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանը պաշտոնական դիմում ներկայացրե՞լ է Բրյուսելին Եվրամիությանն անդամակցելու համար՝ նախարարը նշեց՝ ոչ, նման դիմում չի ներկայացվել։
Վերջին շրջանում ՀՀ քաղաքացիներից բազմաթիվ բողոքներ են լինում ՀՀ-ում Եվրամիության անդամ երկրների դեսպանատների կողմից շենգենյան վիզաների տրամադրման գործընթացի վերաբերյալ։
comment.count (0)