ՀՀ-ի, Արցախի, հայ ժողովրդի անվտանգության ապահովման թիվ մեկ գործիքը Հայաստանի բանակն է. Նիկոլ Փաշինյան |armenpress.am|
16:27 - 28 հունվարի, 2021

ՀՀ-ի, Արցախի, հայ ժողովրդի անվտանգության ապահովման թիվ մեկ գործիքը Հայաստանի բանակն է. Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 29-րդ տարեդարձի կապակցությամբ այցելել է Պաշտպանության նախարարություն՝ հանդիպելու բարձրաստիճան սպաների հետ: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են զինծառայողների կամավորների, ազատամարտիկների հիշատակը, որոնք իրենց կյանքն են զոհաբերել հանուն Հայրենիքի:

«Հայոց բանակը և Հայաստանը, Արցախը, հայ ժողովուրդը ծանր փորձության միջով են անցնում՝ կապված 44-օրյա պատերազմի հետ: Այս դառնության միջավայրում չպետք է մոռանանք այն սխրանքները, հերոսությունները, որ հանուն Հայրենիքի իրականացրել են բազմաթիվ զինվորներ, սպաներ, գեներալներ, կամավորներ: Մենք այսօր պիտի կարողանանք ըստ արժանվույն գնահատել այն զոհողությունները, որ մեր զինվորները, սպաները, գեներալները, կամավորները ցուցաբերել են այս պատերազմի ընթացքում, և մենք պետք է կարողանանք նայել ապագային:

Պետք է կարողանանք ապագային նայել լավատեսորեն: Պետք է կարողանանք ինքներս մեզ հարց տալ, թե ինչ չենք այնպես արել այս ընթացքում, որ մեր բանակի դիմակայությունն ավելի բարձր լիներ: Այս հարցերին պետք է առերեսվել»,-ասաց Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով, որ դա է լինելու առաջիկա անելիքը: Նա արձանագրեց, որ այս անելիքը, որպես օրակարգ արձանագրված է, Պաշտպանության նախարարության, Զինված ուժերի գլխավոր շտաբի կողմից: Այդ աշխատանքը փաստացի սկսել է իրականացվել:

Նիկոլ Փաշինյանի խոսքով, մի բան ակնհայտ է, Հայաստանի, Արցախի, հայ ժողովրդի անվտանգությունը, ինչպես նախկինում, այսօր էլ շարունակում է մնալ բացարձակ առաջնահերթություն և այդ անվտանգության ապահովման թիվ մեկ գործիքը Հայաստանի բանակն է, Հայաստանի զինված ուժերը:

 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել