ԱՄՆ-ն մարդասիրական ճգնաժամի ֆոնին Եմենի հութիներին կհանի «սև ցուցակից» |tert.am|
11:30 - 06 փետրվարի, 2021

ԱՄՆ-ն մարդասիրական ճգնաժամի ֆոնին Եմենի հութիներին կհանի «սև ցուցակից» |tert.am|

tert.am: Ուրբաթ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ասել է, որ մտադիր է հետ կանչել Եմենի հութիների շարժումն ահաբեկչական խմբավորում որակավորող որոշումը՝  ի պատասխան երկրում առկա հումանիտար ճգնաժամի, հայտնում է Reuters-ը:

Պետդեպարտամենտի պաշտոնյայի հաստատմամբ, փոփոխությունը տեղի է ունենում նախագահ Ջո Բայդենի կողմից՝ Եմենում Սաուդյան Արաբիայի գլխավորած ռազմական արշավին ԱՄՆ-ի աջակցությունը դադարեցնելու մասին հայտարարությունից մեկ օր անց: Պաշտոնյան նշել է, որ որոշումը կապված է Եմենի հումանիտար ճգնաժամի հետ:

Միավորված ազգերի կազմակերպության  գնահատականով` Եմենում ստեղծվել է աշխարհի ամենամեծ հումանիտար ճգնաժամը. երկրում հումանիտար աջակցության կարիք ունի ժողովրդի 80 տոկոսը:

«Մենք ողջունում ենք ԱՄՆ-ի վարչակազմի կողմից այդ որոշումը չեղյալ հայտարարելու մտադրությունը, քանի որ այն մեծ օգնություն կլինի միլիոնավոր եմենցիների համար, որոնք ապավինում են մարդասիրական օգնությանն ու ներկրմանը` իրենց գոյատևման համար անհրաժեշտ հիմնական կարիքները բավարարելու համար», - ասել է ՄԱԿ-ի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիքը:

ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոն հունվարի 19-ին` Բայդենի երդմնակալությունից մեկ օր առաջ, հութիներին ներառել էր ԱՄՆ-ի «սև ցուցակում»:

Թրամփի վարչակազմն այս որոշման շրջանակներից դուրս էր հայտարարել ՄԱԿ-ի, Կարմիր Խաչի, բժշկական և գյուղատնտեսական ոլորտների, ինչպես նաև հումանիտար օգնություն ցուցաբերող խմբերի տեղաշարժը: Սակայն ՄԱԿ-ի պաշտոնյաները կոչ էին արել ամբողջությամբ չեղարկել վերոնշյալ որոշումը:

Reuters-ը հիշեցրել է, որ Սաուդյան Արաբիայի գլխավորած միջազգային կոալիցիան 2015 թվականին միջամտել է Եմենի հակամարտությանը՝ աջակցելով տեղի կառավարական ուժերին, որոնք պայքարում են Իրանի աջակցությունը վայելող հութիների դեմ: ՄԱԿ-ն, իր հերթին, փորձում է վերականգնել բանակցային գործընթացը, քանի որ երկիրն անընդհատ բախվում է տնտեսական ճգնաժամերի, իսկ այժմ  նաև կորոնավիրուսային համաճարակին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել