armenpress.am: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկեց Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է առավելագույնս խստացնել պետական դավաճանության համար նախատեսված պատժաչափերը:
Նախագիծը հեղինակել են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը, Նաիրա Զոհրաբյանը և Իվետա Տոնոյանը:
«Թշնամու կողմն անցնելը, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելը, թշնամական գործունեություն իրականացնելու համար օգնություն ցույց տալը, ինչպես նաև օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հանձնելը և կամ հանձնելու նպատակով դրանք հավաքելը, հափշտակելը կամ պահելը, օտարեկրյա հետախուզության առաջադրանքով այլ տեղեկություններ հանձնելը կամ դրանք հավաքագրելը, ինչպես նաև մի շարք այլ դեպքերը, այսինքն՝ պետական դավաճանության ու լրտեսության համար, պետք է սահմանվի ամենաբարձր պատիժը՝ ցմահ ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ»,- ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը:
Նա նշեց, որ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի նկատմամբ հանցանքն ամենածանրն է, և, բնականաբար, ամենածանր հանցանքը պետք է ունենա ամենածանր պատիժը:
«Քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու փիլիսոփայությունը հենց այս համատեքստում է»,- նշեց ԱԺ փոխխոսնակը:
comment.count (0)