Իշխանության ներկայացուցչին զրպարտելու արարքը քրեականացնելը կարող է սահմանափակել քաղաքական դիսկուրսը |hetq.am|
14:51 - 19 փետրվարի, 2021

Իշխանության ներկայացուցչին զրպարտելու արարքը քրեականացնելը կարող է սահմանափակել քաղաքական դիսկուրսը |hetq.am|

hetq.am: Հանրային ծառայողին զրպարտելու համար քրեական պատասխանատվություն սահմանող նախագծի նպատակն է պաշտպանել պետության համար աշխատող մարդկանց՝ անկախ նրանից՝ վերին, ստորին, թե՞ միջին օղակում է նա գտնվում:

Նման համոզմունք հայտնեց գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության ավագ դատախազ Կարեն Ամիրյանը Մեդիա կենտրոնի հրավիրած առցանց քննարկմանը: Հիշեցնենք, որ դատախազությունը նախագիծը քննակման է ներկայացրել փետրվարի 17-ին:

Նախագծով առաջարկվում է Քրեական օրենսգիրքը լրացնել նոր հոդվածով, ըստ որի՝ հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելը կամ զրպարտելը` կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով (100 հազարից մինչև 500 հազար):

Նույն արարքը, որը կատարվել է զանգվածային լրատվության միջոցներով կամ հրապարակային այլ եղանակով՝ կապված հանրային ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից երեքհազարապատիկի չափով (500 հազարից մինչև 3 միլիոն դրամ) կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Ամիրյանն իր խոսքում վկայակոչեց եվրոպական երկրներ, ինչպես, օրինակ, Գերմանիան, Ավստրիան, որտեղ վիրավորանքի համար քրեական պատասխանատվություն է սահմանված, ուստի, իր կարծիքով, այս առումով Հայաստանը հեծանիվ չի հորինել. խնդիրը պետք է հանրային հարաբերությունների տիրույթում դիտարկել: Կարեն Ամիրյանի խոսքով՝ դատախազության իրականացրած մշտադիտակումն այն եզրահանգման է հանգեցրել, որ հասարակությունում ատելության խոսքի, բռնության կոչերի և ոչ հարգալից վերաբեմունքի խնդիր կա, ուստի զրպարտությունը պետք է դիտարկել որպես հանրային բարձր վտանգավորության աստիճան ունեցող արարք՝ նախատեսելով քրեական պատասխանատվություն: Ըստ նրա՝ այն կլինի զսպող մեխանիզմ: Ամիրյանը նաև համոզմունք հայտնեց, որ հանրային ծառայողին վիրավորելը վիրավորանք է պետությանը:

«Իրավունքի գերակայություն» ՀԿ փորձագետ, փաստաբան Դավիթ Ասատրյանը հակադարձեց՝ քրեական պատասխանատվություն սահմանելը բավական դաժան մեթոդ կլինի անձի նկատմամբ, որը ցանկացել է հայտնել իր կարծիքը, որքան էլ այն լինի զրպարտող կամ վիրավորական: Ըստ փաստաբանի՝ նման պատժամիջոցը կարող է առաջացնել վախի մթնոլորտ, ինչպես նաև՝ սահմանափակել քաղաքական դիսկուրսը: Վերջինս նաև չհամաձայնեց դատախազության ներկայացուցչի այն դիտարկման հետ, թե պաշտոնատար անձին վիրավորելը նույնականացվում է պետությանը վիրավորելու հետ:

Դավիթ Ասատրյանը նաև ընդգծեց՝ ավելի շատ ավտորիտար պետություններն են կիրառում նման խիստ միջոցներ, ուստի սա ժողովրդավարությունից հետընթաց է:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանին այս քննարկումը դեժավյու թվաց, վերջինս հիշեց, որ նման քննարկումներ եղել են ավելի քան 10 տարի առաջ, երբ ապաքրեականացվեցին վիրավորանքն ու զրպարտությունը: Մելիքյանի խոսքով՝ չնայած այն ժամանակ շատ ավելի ավտորիտար տարիներ էին, սակայն ԶԼՄ ներկայացուցիչների փաստարկներն ավելի հիմնավոր որակվեցին, և ապաքրեականացվեցին վիրավորանքն ու զրպարտությունը:

Ինչ վերաբերում է եվրոպական երկրների փորձին, Մելիքյանը պնդեց՝ երբ Հայաստանը Գերմանիայի կամ Ավստրիայի նման ժողովրդավարական ավանդույթներ կունենա, այդ ժամանակ այսքան ցավալի չի ընդունվի նման օրենսդրական առաջարկը: Ըստ նրա՝ նման պատժամիջոցները ակտիվ կիրառվելու են և լուրջ խոչընդոտ են հանդիսանալու խոսքի ազատության և լրատվամիջոցների գործունեության համար: ԽԱՊԿ նախագահն ընդծեց՝ բոլոր հարթակներում հանդիպում են վիրավորանքներ ու զրպարտություններ, սակայն դրա դեմ պայքարի շատ ավելի քաղաքակիրթ մեթոդներ կան, սակայն իշխանությունը չի ցանկանում նման աշխատատար պրոցես տանել: Մելիքյանի խոսքով՝ պետական պաշտոնյաները վերին արտի ցորեն չեն, հատուկ պաշտպանության կարիք չունեն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել