ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների հետ
19:19 - 19 փետրվարի, 2021

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների հետ

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը փետրվարի 19-ին այցելել է ՊՆ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարան:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պաշտպանական գերատեսչության ղեկավարին են ներկայացվել ռազմական ավիացիոն համալսարանի կառուցվածքը, ուսումնանյութական բազան, ընթացիկ և հեռակա ծրագրերը: Վաղարշակ Հարությունյանը շրջել է համալսարանի տարածքում, ծանոթացել կրթօջախի  ուսումնական, լսարանային և զորանոցային պայմաններին:

Վաղարշակ Հարությունյանը զրուցել է նաև համալսարանի կուրսանտական կազմի հետ, հետաքրքրվել ուսումնական գործընթացով, պատասխանել կուրսանտների հարցերին:

Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է նաև ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտների հետ, ներկայացրել զինված ուժերի առջև ծառացած մարտահրավերները, պատասխանել կուրսանտներին հետաքրքրող հարցերին:

Ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների հետ հանդիպումների ընթացքում, կարևորելով ռազմական կրթության դերը զինված ուժերի հմուտ և բանիմաց սպայի կայացման գործում, պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ նման հանդիպումներն այսուհետ կկրեն շարունակական բնույթ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել