armenpress.am: Հայաստանի կառավարությունը հաստատեց «Պաշտպանության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթը, որի համաձայն՝ աշխարհազորի համակարգը կփոխարինվի տեղական պաշտպանության ուժերով։
Նախագիծն ընդունվեց Կառավարության հոկտեմբերի 31-ի հերթական նիստում։
Փաթեթի համաձայն՝ աշխարհազորի համակարգը փոխարինվում է տեղական պաշտպանության ուժերով, սահմանվում են այդ ուժերի խնդիրները, ստեղծման, ղեկավարման, պատրաստության և կիրառման հետ կապված հարաբերությունները, Հայաստանի Հանրապետության պաշտպանության պլանում ներառվում է Հայաստանի Հանրապետության տարածքային պաշտպանության պլանը։
Ըստ նախագծի՝ տեղական պաշտպանության ուժերը կազմավորվում են որպես համայնքի պաշտպանության ստորաբաժանումներ։
Տեղական պաշտպանության ուժերի խնդիրներն են` մասնակցությունը Հայաստանի Հանրապետության սահմանների պահպանությանն ու պաշտպանությանը, Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման հետմղման ժամանակ առանձին մարտական խնդիրների կատարումը՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի միավորումների և զորամասերի հետ համատեղ, մասնակցությունը հակառակորդի դիվերսիոն կամ ահաբեկչական կամ հետախուզական կամ հատուկ օպերացիաների ուժերի և այլ գործողությունների դեմ պայքարին, ռազմական, հատուկ և կարևորագույն նշանակության օբյեկտների, բնակչության պաշտպանությանն աջակցությունը։
Նախագծով՝ տեղական պաշտպանության ուժերի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է տվյալ համայնքի վարչական տարածքի պաշտպանությունն ապահովող Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համապատասխան զորամիավորումը: Տեղական պաշտպանության ուժերը ներառվում են զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերի կազմում՝ որպես աջակցող ստորաբաժանումներ:
Տեղական պաշտպանության ուժերի ստորաբաժանումները (այսուհետ՝ ստորաբաժանումներ) համալրվում են տվյալ համայնքում հաշվառված, պատերազմական ժամանակաշրջանի հաստիքներին չկցագրված և պահեստազորի երկրորդ խմբում հաշվառված կամ զինվորական հաշվառումից հանված անձանցով՝ կամավորության սկզբունքով: Ստորաբաժանման կազմում անձի ներառման հիմքը նրա հետ կնքված պայմանագիրն է, որը չի համարվում զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր:
Ստորաբաժանումներում ներգրավված անձին հատկացվում է զինվորական համազգեստ, պատրաստության և կիրառման ժամանակահատվածում նրան ամրակցվում է զենք, ապահովվում է անվճար սննդով և բժշկական սպասարկմամբ՝ զինծառայողների համար սահմանված կարգով, նրա համար հաշվարկվում է դրամական ապահովություն՝ ըստ նշանակված (զբաղեցրած) զինվորական պաշտոնի՝ պայմանագրային զինծառայողների համար օրենքով սահմանված չափով: Ստորաբաժանումներում ներգրավված անձի վրա, կնքված պայմանագրի շրջանակներում պատրաստության և կիրառման ժամանակահատվածում, տարածվում են զինվորական կանոնագրքերի պահանջները և զինծառայողների նկատմամբ օրենքով սահմանված պատասխանատվությունը:
Հիմնավորման մեջ նշվում է, որ 2020 թվականի հոկտեմբերին «Պաշտպանության մասին» և մի շարք այլ օրենքներում կարգավորումներ սահմանվեցին աշխարհազորի համակարգի վերաբերյալ, սահմանվեց աշխարհազորի նպատակները, ձևավորման և կիրառման կարգը և այլն: Համաձայն կատարված փոփոխությունների՝ ստեղծվում էին աշխարհազորի պայմանական զորամիավորումներ, բրիգադներ և գումարտակներ, որոնց ղեկավարները (հրամանատարը) էին հանդիսանալու համապատասխանաբար մարզպետի, տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի (Երևանի քաղաքապետի) տեղակալները և վարչական շրջանների ղեկավարները: Միաժամանակ, այդ մարմինների վրա էր դրվում նաև աշխարհազորային պայմանական ստորաբաժանումները կամավոր սկզբունքով քաղաքացիների համալրման ապահովման գործընթացը: Այդ նպատակով նաև ստեղծվեցին մարզպետների տեղակալների համապատասխան հաստիքներ, սակայն գործընթացի գործնական կիրառման ընթացքը ցույց տվեց, որ սահմանված համակարգը գրեթե չի գործում, աշխարհազորային ստորաբաժանումները ձևավորվում են հիմնականում տարածքային զինկոմիսարիատների կողմից, նրանց ղեկավարման հետ օրենքով սահմանված մարմինները որևէ առնչություն մինչ այժմ չեն ունեցել:
«Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության տարածքի ռազմավարական խորության բացակայությունը, անվտանգային միջավայրի վերլուծությունը ցույց է տալիս, որ անհրաժեշտ է ունենալ տեղային և կամավորության սկզբունքով ձևավորվող տեղական պաշտպանության ուժեր, որոնք ըստ կոնկրետ ուղղությունների սպառնալիքների դեպքում ունակ կլինեն աջակցելու ՀՀ զինված ուժերի համապատասխան զորամասերին, ինչպես նաև դրանց ձևավորումը կդրվի բացառապես պաշտպանության համակարգի վրա: Այդ նպատակով առաջարկվում է աշխարհազորը փոխարինել տեղական պաշտպանության ուժերով, որոնք կձևավորվեն ըստ տվյալ տարածաշրջանի զորամասերի և կհամակարգվեն բանակային կորպուսների կողմից: Բացի այդ, անհրաժեշտություն է առաջացել Անվտանգության խորհրդի կողմից հաստատվող Հայաստանի Հանրապետության պաշտպանության պլանում ներառել նաև Հայաստանի Հանրապետության տարածքային պաշտպանության պլանը՝ հաշվի առնելով ՀՀ զինված ուժերի կառուցվածքային փոփոխությունները, ինչպես նաև աշխարհազորի համակարգի փոփոխման կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարաբերությունները կարգավորող համապատասխան օրենքներում ևս կատարել անհրաժեշտ փոփոխություններ»,- ասված է հիմնավորման մեջ:
comment.count (0)