Հանդիպել եմ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի հետ, մտահոգություն չունեմ․ Տավուշի մարզպետ
 |news.am|
12:00 - 14 մարտի, 2021

Հանդիպել եմ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի հետ, մտահոգություն չունեմ․ Տավուշի մարզպետ |news.am|

news.am: Տավուշի սահմանին ոչ մի խնդիր չկա, դրանք սուտ տեղեկություններ էին, սահմանային իրավիճակն այնպիսին է, ինչպիսին եղել է 1 կամ 2 տարի առաջ։ Վստահեցրել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

Տավուշի սահմանների անվտանգությունն ապահովող 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովը Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող հայտարարությամբ էր հանդես եկել։ Հարցին, թե հակասություն չկա՞ քաղաքական և ռազմական իշխանությունների մտահոգությունների միջև, դուք սահմանային խնդիրներ չե՞ք տեսնում, մինչդեռ բարձրաստիճան զինվորականները լուրջ տագնապներ ունեն՝ Չոբանյանն ասել է.

«Այդ հայտարարությունը նորություն չէր, եթե դիտարկենք ԳՇ-ի հայտարարությունը, որի տակ ստորագրել էր նաև պարոն Խաչատուրովը։ Այդ հայտարարությունները որևէ կապ չունեն մեր սահմանների պաշտպանության և ԶՈՒ-ի կոնկրետ իրականացվող ծառայության հետ։ Որևէ հայտարարություն չի եղել այն կոնտեքստում, որի մասին դուք նշում եք»։

Բարձրաստիճան զինվորականների հայտարարությունների շարժառիթներին մարզպետը չի ցանկացել անդրադառնալ՝ հավելելով, որ որևէ խնդիր չի տեսնում 3-րդ բանակային կորպուսի պարտավորությունների կատարման առումով։

«Ավելին, բոլոր աշխատանքները իրականացվում են բարձր մակարդակով։ Ես հանդիպել եմ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի հետ կապված այս օրերի տեղեկատվական աժիոտաժի հետ։ Որևէ մտահոգություն այդ առումով ես չունեմ»,- նշել է նա։

Երբ նոյեմբերի 10-ին եռակողմ հայտարարությունը հրապարակվեց, այնտեղ Տավուշի մասին հիշատակում կար, որը կարճ ժամանակ հետո սրբագրվեց, խոսքը հետևյալի մասին է․ «Աղդամի շրջանը և տարածքները, որոնք հսկվում են հայկական կողմից Ղազախի շրջանում, վերադարձվում են Ադրբեջանին մինչև նոյեմբերի 20-ը»:

Հաշվի առնելով նաև Սյունիքում առկա իրավիճակը, որտեղ, ինչպես իշխանությունն է հայտարարել, «բանավոր պայմանավորվածությամբ» սահմաններ են կարգավորվում, մտավախություն չկա՞, որ նույն իրավիճակի առջև կարող է կանգնել նաև Տավուշը։

Մարզպետը նշել է, որ այդ շրջանում ուսումնասիրություն են կատարել և հասկացել են, որ նման տեղեկատվության աղբյուրը եղել է ադրբեջանական տելեգրամյան ալիքը.

«Դա առաջին խայծն էր, որ մենք կուլ տվեցինք ու շրջանառության մեջ դրեցինք այդ հայտարարությունը։ Եթե հասարակությունը տեղեկատվական առումով գրագետ լինի, այս թեմաները ոչ թե շրջանառության մեջ կդնի ու կդարձնի ներքին խժդժությունների առարկա, այլ մեր օրակարգերը առաջ կքաշենք ու թող Ադրբեջանում մտածեն դրանց մասին։ Սխալ է այս ողջ ալիքը, որը ստեղծվում է ադրբեջանահաճո հայտարարությունների հիման վրա։ Նույն ձևով կարող ենք մենք փաստաթուղթ հրապարակել, որն այդ երկրում կդառնա քննարկման առարկա։ Կարիք չկա այս անլուրջ թեմայի շուրջ երկար քննարկումներ ծավալել»։

Կարդալ ավելին՝ news.am-ում։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել