Զոհրաբ Մնացականյանն հանդիպել է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ
08:36 - 07 ապրիլի, 2019

Զոհրաբ Մնացականյանն հանդիպել է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ

Պաշտոնական այցելությամբ Ռուանդայում գտնվող Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ապրիլի 6-ին հանդիպել է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ:

Զոհրաբ Մնացականյանը և Լուիզ Մուշիկիվաբոն հանգամանալից անդրադարձել են  Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում Հայաստանի նախագահության առաջնահերթություններին և դրանց իրականացման ուղղությամբ ձեռնարկվող գործնական քայլերին: Այս համատեքստում Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է բարձր տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության և նորարարության ոլորտների զարգացմամբ տնտեսության խթանումը և որպես ՖՄԿ գագաթաժողովում նախագահության գերակա ուղղություն, ի թիվս այլոց, Մնացականյանը առանձնացրել է ֆրանկոֆոն տարածաշրջանի պետությունների միջև առևտրատնտեսական բաղադրիչի խթանումը և թվային օրակարգի առաջմղումը, բարձր տեխնոլոգիաների ոլորտում առկա ներուժի արդյունավետ օգտագործումը և այդ ոլորտում հայաստանյան փորձի տեղայնացումը:

Նախարար Մնացականյանը նշել է, որ Հայաստանի իշխանությունները քաղաքական հետաքրքրվածություն են դրսևորում առավել ընդլայնելու աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ բազմակողմ համագործակցությունը, որի առնչությամբ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը լավ հարթակ է փոխշահավետ շփումների հաստատման և զարգացման գործում:

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը և Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել Կազմակերպության առջև ծառացած խնդիրների, դրանց հաղթահարման ուղիների, գործունեության հետագա ծրագրերի, ֆրանկոֆոնիայի շրջանակում տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացների, ինչպես նաև միջազգային այլ կառույցների հետ սերտ համագործակցության շուրջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել