Հրայր Թովմասյանը բողոքարկել է իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունն առանց քննության թողնելու որոշումը |hetq.am|
19:59 - 21 մարտի, 2021

Հրայր Թովմասյանը բողոքարկել է իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունն առանց քննության թողնելու որոշումը |hetq.am|

hetq.am: Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանը բողոքարկել է իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, քրեական գործի վարույթն՝ իրեն վերաբերելի մասով կարճելու միջնորդությունն առանց քննության թողնելու մասին դատավոր Տաթևիկ Գրիգորյանի որոշումը։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։

Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանի  պաշտպանները փետրվարի 8-ին նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն են ներկայացրել, որի քննությունը շարունակվել է մարտի 4-ին։ Պաշտպանները պնդում են, որ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ մեղադրվող Թովմասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուց առաջ նրա անձեռնմխելություն չի հաղթահարվել, հետևաբար Թովմասյանի մասով նախաձեռնված բոլոր գործընթացները հակաիրավական են։ Պաշտպանները նաև պնդել են, որ Թովմասյանի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցնել՝ առանց դատաքննության, քանի որ այն փաստարկները,  որոնք իրենք ներկայացնում են՝ որպես քրեական հետապնդումը Թովմասյանի նկատմամբ բացառող հանգամանք, այս պահին արդեն պարզ են և փոփոխման չեն ենթարկվելու դատաքննության ընթացքում։

Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը մարտի 4-ին որոշում է կայացրել միջնորդությունն առանց քննության թողնելու մասին՝ պատճառաբանելով, որ առանց դատաքննություն կատարելու քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարցնելու որոշման կայացման հնարավորություն նախատեսված է միայն Քրեական օրենսգրքի 294-րդ հոդվածով, որը վերաբերում է քրեական գործը դատաքննության նախապատրաստելիս համապատասխան հիմքերի առկայության դեպքում առանց դատաքննության քրեական գործի վարույթը կարճելուն և քրեական հետապնդումը դադարեցնելուն։ Այսինքն՝ վերը նշված որոշումն, ըստ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի մեկնաբանության, դատարանը կարող է կայացնել քրեական գործը դատաքննության նախապատրաստելիս, մինչևդեռ այդ փուլում դատարանն այլ որոշում է կայացրել՝ գործը նշանակվել է դատաքննության, և նման պայմաններում Թովմասյանի նկատմամբ թե՛ հանցակազմի բացակայության, թե՛ անձեռնմխելիությունը հաղթահարված չլինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը պետք է լուծվի ոչ թե քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործը կարճելու որոշմամբ, այլ  դատական քննություն կատարելու միջոցով՝ մեղադրանքի օրինականության ստուգմամբ։ Նշենք, որ   մեղադրանքի օրինականությունը ստուգել դատարանը կարող է դատական քննության միջոցով՝ համապատասխան փուլերը սպառելուց հետո՝ դատավճռի կայացմամբ։

Հրայր Թովմասյանը վերաքննիչ դատարանից պահանջում է բեկանել դատավոր Տաթևիկ Գրիգորյանի՝ իրենց միջնորդությունն առանց քննության թողնելու մասին արձանագրային որոշումն ու կայացնել նոր դատական ակտ՝ գործն ուղարկելով նոր քննության։

Վերաքննիչ դատարանում բողոքը մակագրվել է դատավոր Արմեն Բեկթաշյանին, կազմում են դատավորներ Տիգրան Սահակյանը և Ռուբիկ Մխիթարյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել