Տնօրենի հավաստագիր է ստացել քննություններին մասնակցածների 74%–ը․ ԿԳՄՍՆ
16:45 - 24 մարտի, 2021

Տնօրենի հավաստագիր է ստացել քննություններին մասնակցածների 74%–ը․ ԿԳՄՍՆ

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում հունվարի 15-ից մինչև մարտի 16-ը տեղի են ունեցել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) ձեռքբերման քննություններ: Դրանք անցկացվել են՝ համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված ժամանակացույցի, տեղեկացնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը:

Ըստ այդմ՝ հավաստագրման քննություններին մասնակցելու համար դիմել է 500 հավակնորդ, որոնցից հավաստագիր ստանալու վերապատրաստումներին մասնակցել է 470-ը:

Քննությունների արդյունքում հավաստագիր է ստացել 370 (74%) հավակնորդ, որոնցից 229-ը՝ գործող տնօրեն, 5-ը՝ տնօրենի պաշտոնակատար, 136-ը՝ փոխտնօրեններ և ուսուցիչներ:

130 (26%) հավակնորդի (այդ թվում՝ քննությունից բացակայած 26 հոգու (5%)) հավաստագիր չի շնորհվել: Այդպիսի հավակնորդներից 45-ը գործող տնօրեններ են (7 բացակա), 5-ը՝ տնօրենի պաշտոնակատարներ, 61-ը՝ փոխտնօրեններ և ուսուցիչներ (19 բացակա):

Քննություններին մասնակցել է 366 (73%) կին հավակնորդ, որոնցից 272-ը (75%) ստացել է հավաստագիր, 134 (27%)՝ տղամարդ հավակնորդ, որոնցից հավաստագիր է շնորհվել 98-ին (73%):

Երկրում առկա համավարակով պայմանավորված՝ ամեն օր քննություններին մասնակցել է առավելագույնը 15-16 հավակնորդ:

Նշենք, որ վերապատրաստումներն իրականացրել են 13 կազմակերպություններ՝ «Մանկավարժական նախաձեռնություն» ՀԿ, «Կրթություն առանց սահմանի» ՀԿ, «Հույս և ապագա» ՀԿ, «Նոր ժամանակի կրթություն» ՀԿ, «Կրթություն և գործունեություն» հիմնադրամ, «Մաստեր Սթայլ» ՍՊԸ, «Տաթև» գիտակրթական համալիր, Երևանի Լեոյի անվան թիվ 65 ավագ դպրոց, Հրազդանի թիվ 11 հիմնական դպրոց, «Եվրոպական համալսարան» հիմնադրամ, Գորիսի պետական համալսարան, Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել