Առաջարկվում է խոսքի, պատկերի կամ նշանի միջոցով հայհոյանքի համար սահմանել տուգանք՝ 100-150 հազար դրամի չափով |tert.am|
12:30 - 09 ապրիլի, 2021

Առաջարկվում է խոսքի, պատկերի կամ նշանի միջոցով հայհոյանքի համար սահմանել տուգանք՝ 100-150 հազար դրամի չափով |tert.am|

tert.am: Արդարադատության նախարարությունն առաջարկում է  Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ անելու նախագիծ է ներկայացրել:

Նախագիծը հանրային քննարկման է դրվել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Նախագիծը մշակվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից, ներկայացրել է Արդարադատության նախարարությունը:

Նախագծով առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը լրացնել: Սահմանվել են հայհոյանքի դրսևորման ձևերը՝ խոսքի, պատկերի կամ նշանի միջոցով՝ նպատակ ունենալով հնարավորինս համապարփակ կերպով ամրագրել հիմնական ձևերը՝ չբացառելով դրսևորման այլ ձևերի հնարավորությունը:

«Հասարակական վայրերում, զանգվածային լրատվության միջոցներով կամ ինտերնետային կայքերով (այդ թվում՝ սոցիալական ցանցերով) խոսքի, պատկերի, նշանի կամ այլ միջոցով հրապարակային հայհոյանքը կամ ցանկացած ձևով անպարկեշտ վիրավորանքը, եթե չի պարունակում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսունապատիկի չափով:

Այդ արարքը վարչական տույժ նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելnւ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսունմեկապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով»,-ասվում է նախագծում:

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է՝ զանգվածային լրատվության միջոցներով կամ ինտերնետային կայքերով (այդ թվում՝ սոցիալական ցանցերով) կարելի է ականատեսը լինել հայհոյանքի, որն իր բնույթով հրապարակային է: Հաշվի առնելով հայհոյանքի դրսևորման բնույթը՝ այն է՝ հրապարակայնությունը, առկա է այդպիսի վարքագիծը պետության կողմից համարժեք իրավական գնահատականի արժանացնելու խնդիր, քանզի հրապարակային հայհոյանքով խաթարվում են սոցիալական բնական հարաբերությունը, հասարակական համերաշխությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել