Բելառուսը պատրաստ է հրավիրել միջազգային փորձագետների Ryanair-ի ինքնաթիռի հետ կապված միջադեպի վերաբերյալ օբյեկտիվ պատկեր ստանալու համար: «ԲԵԼՏԱ»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը:
Նա նշել է, որ Բելառուսը շահագրգռված չէ ինքնաթիռի հետ կապված իրավիճակը սրացնելու հարցում, սակայն երկրի դեմ խնդիրներ առաջացնելու դեպքում պատասխանը չի ուշանա:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Աթենքից Վիլնյուս թռչող «Ryanair» ավիաընկերության ինքնաթիռը Բելառուսի տարածքում գտնվելու ժամանակ ուղղությունը փոխել է դեպի Մինսկ: Օդաչուները հայտնել են, որ օդանավում պայթուցիկ լինելու մասին տեղեկություն է ստացվել:Ավելի ուշ ստուգումները ցույց են տվել, որ տեղեկությունը կեղծ է եղել: Ինքնաթիռի վայրէջքից հետո օդանավակայանում ձերբակալվել է լրագրող Ռոման Պրոտասևիչը, որի նկատմամբ Բելառուսում քրեական գործ է հարուցված: Եվրոպական երկրները, արձագանքելով միջադեպին, իրենց դժգոհությունն են հայտնել՝ առաջ քաշելով հնարավոր պատասխան գործողությունների հարցը: Եվրոպական մի շարք երկրներ ավիաընկերություններին առաջարկում են խուսափել Բելառուսի օդային տարածք մուտք գործելուց:
comment.count (0)