Չեռնոգորիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ փոխնախարարին
20:45 - 24 մայիսի, 2021

Չեռնոգորիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ փոխնախարարին

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը մայիսի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեռնոգորիայի նորանշանակ դեսպան (նստավայրը՝ Կիև) Դրագիցա Պոնորացին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Ավետ Ադոնցը նրան մաղթել է բեղմնավոր և արդյունավետ աշխատանք, ինչպես նաև՝ հաջողություն իր կարևոր առաքելության ընթացքում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Պոնորացը նշել է, որ կներդնի առավելագույն ջանքեր՝ երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների խորացման և ամրապնդման նպատակով, և կնպաստի հայ-չեռնոգորական օրակարգն առաջ մղելուն:

Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները քննարկել են հայ-չեռնոգորական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ երկկողմ քաղաքական ու տնտեսական հարաբերությունների խթանման ու տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացման հեռանկարները:

ԱԳ նախարարի տեղակալը դեսպանի ուշադրությունը հրավիրել է ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունների վրա՝ ակնկալելով միջազգային հանրության առավել ակտիվ և հասցեական արձագանքը։

Ավետ Ադոնցը ներկայացրել է Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը, հրատապ խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը և մտահոգություն հայտնել Ադրբեջանի կողմից մարդասիրական աջակցության տրամադրման գործընթացի քաղաքականացման և արհեստական խոչընդոտների ստեղծման առնչությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել