hetq.am: «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության ֆինանսական միջոցներով նախատեսվում է Շահումյան համայնքի 14.9 հա և Տափերական համայնքի 10.2 հա հողամասերի վրա իրականացնել «Երեխաների քաղաք» ծրագիրը (ստեղծարար կենտրոն): Կառավարությունը հունիսի 17-ի նիստում հավանություն տվեց համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը նվիրաբերության պայմանագրով անհատույց սեփականության իրավունքով տրամադրելուն։
«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից 20 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ արժողությամբ իրականացվող «Երեխաների քաղաք» ծրագիրը որակվել է որպես բարեգործական ծրագիր:
«Երեխաների քաղաքը» նախատեսված է որպես ոչ ֆորմալ կրթության օղակ, ստեղծարար կենտրոն, որտեղ 14 տարեկանից բարձր դեռահասներն ու երիտասարդները Հայաստանի ամբողջ տարածքից կարող են ստանալ մասնագիտացում (հիմնականում՝ արհեստագործական) և կյանքի հմտություններ։ Կենտրոնը մատչելի միջավայր է ապահովելու կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց համար, ինչը կնպաստի ոչ ֆորմալ ուսուցման գործընթացում ներառականության ապահովմանը։
Տափերական համայնքում գտնվող 10.2 հա հողամասը գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող է, որտեղ, ըստ ծրագրի, նախատեսվում է իրականացնել բազմամյա տնկարկների հիմնում, ջերմոցային տնտեսության, պտուղ-բանջարի վերամշակման (չորանոցների) կառուցում և այլն:
comment.count (0)