Գերմանիան նախատեսում է 45 Թումո բացել. Der Spiegel
18:48 - 18 հունիսի, 2021

Գերմանիան նախատեսում է 45 Թումո բացել. Der Spiegel

Der Spiegel. Հայաստանն արդեն ունի 4 Թումո կենտրոն, Գերմանիան այժմ ցանկանում է հետևել այդ օրինակին. տեխնոլոգիական հմտությունների նոր կենտրոնները նպատակ ունեն ներգրավել երեխաների և երիտասարդների: Այս միտքն այժմ հավանության է արժանացել «ականավոր ֆիզիկոսի» կողմից (խմբ. Անգելա Մերկել):

Անգելա Մերկելը խթանում է հայկական կրթական ռազմավարությունը` գերմանացի դպրոցականների համար այն օրինակ դարձնելով: Հինգշաբթի կանցլերը իր աջակցությունը հայտնեց Գերմանիայում ողջ տարածքում երեխաների և երիտասարդների համար տեխնոլոգիական կենտրոնների կառուցման օգտին` հայկական Թումո ծրագրի հիման վրա:

Թումո կենտրոնն անվանակոչվել է Հայաստանի մայրաքաղաք Երևանի այգիներից մեկի անունով: Թումոն առաջարկում է անվճար դասընթացներ 14 ուղղություններում, ներառյալ` ֆիլմերի ստեղծում, ծրագրավորում և խաղերի ստեղծում: Դասընթացներն բաց են 12-ից 18 տարեկան պատանիների համար: Ծրագիրը կենտրոնացած է գործնական նախագծերի իրականացման վրա:

«Որպեսզի ծրագիրը աշխատի նաև Գերմանիայում, դաշնային կառավարությունը, նահանգները, համայնքապետարանները և դոնորները պետք է ավելի սերտ համագործակցեն»,- ասել է Մերկելը: Նա մասնակցել է Բեռլինի Թումո կենտրոնի կողմից կազմակերպված առցանց միջոցառմանը: Հայկական նախագծի մասնաճյուղը բացվել է Գերմանիայի մայրաքաղաքում 2020-ի աշնանը, և դաշնային կառավարության պլանների համաձայն, այն չպետք է լինի միակը:

Կրթության դաշնային նախարար Անյա Կարլիչեկն ասաց, որ Գերմանիայում Թումո կենտրոնների տեղակայման 20 վայր արդեն նախանշվել է, իսկ եւս 25-ը պետք է ավելացվի ամռանը: Ըստ Կարլիչեկի` կենտրոնները պետք է «սարդոստայնի պես» տարածվեն ամբողջ Գերմանիայով, այդ թվում` փոքր համայնքներում: Դրանք կֆինանսավորվեն պետության ​​և մասնավոր ընկերությունների կողմից: Այս որոշման պատճառնեից է նաև ծրագրավորման մասնագիտական հմտությունների պահանջարկը աճը բիզնեսում:

Մերկելը Թումոյին առաջին անգամ ծանոթացել է Երևանում 2018 թվականի պաշտոնական ​​այցի ընթացքում և տպավորվել է տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացման այս մոդելով: Բեռլինում, հիմնվելով հայկական մոդելի վրա և KfW բանկի աջակցությամբ, կառուցվեց Թումոյի մասնաճյուղը, որում մինչև 1500 երեխաներ կարող են խաղային ձևով հմտանալ տեխնոլոգիաների ոլորտներում: Համավարակի պատճառով Բեռլինի կենտրոնում ուսումը դեռ առցանց է, իսկ ուսանողների թիվը 350-նն է:

Ծրագիրը, որը ստեղծվել է Հայաստանում 2011 թվականին, արդեն տարածվել է նաև այլ երկրներում: Հայաստանում կա չորս կենտրոն, կան կենտրոններ Լիբանանում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Ալբանիայում, ևս մեկը շուտով կբացվի Ուկրաինայում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել