Ի՞նչ ակնկալել Ադրբեջանից, որն այսօր էլ ոտնձգություններ է կատարում  ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ․ այդ ինչպե՞ս է ստացվում,  որ այս ամենից հետո այդ պետությունը մնում է անպատիժ․ Մ․ Մելքումյանը՝ ԵԽԽՎ-ում
11:59 - 23 հունիսի, 2021

Ի՞նչ ակնկալել Ադրբեջանից, որն այսօր էլ ոտնձգություններ է կատարում ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ․ այդ ինչպե՞ս է ստացվում, որ այս ամենից հետո այդ պետությունը մնում է անպատիժ․ Մ․ Մելքումյանը՝ ԵԽԽՎ-ում

ԵԽ Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության ներկայացուցիչ Միքայել Մելքումյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ ամառային նստաշրջանի լիագումար
նիստում: Ելույթում, մասնավորապես, ասված է․

«Սիրելի' գործընկերներ,

Covid-19 համավարակը լուրջ մարտահրավեր է աշխարհի բոլոր երկրների համար։ Շուրջ երկու տարի շարունակվող այս աղետը խարխլել է համաշխարհային տնտեսության հիմքերը, լուրջ հարվածներ հասցրել ոչ միայն առողջապահական համակարգին և բիզնեսին, այլև՝ հասարակության խոցելի խմբերին, խորացրել անհավասարությունները։

 

Համավարակի ընթացքում ի հայտ են եկել բազմաթիվ խնդիրներ, որոնց հետ պետությունները նախկինում չէին առերեսվել։ Եվ այժմ, երբ երկրների մեծամասնությունը հաղթահարել է խիստ սահմանափակումների փուլը,  պետք է մտածել ոչ միայն մեր  տնտեսությունները վերականգնելու, այլև՝ դրանք վերակառուցելու մասին, որպեսզի ապագա մարտահրավերներին կարողանանք ավելի արդյունավետ դիմակայել։

Համավարակի հետևանքով ստեղծված սոցիալ-տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար պետք է մշակել հստակ ռազմավարություն՝ խուսափելով անցյալի սխալներից։ Միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերը պետք է նպաստեն մարդկանց սոցիալական իրավունքների իրացմանը, վերացնեն անհավասարությունները, պաշտպանեն խոցելի խմբերի շահերը և կանխեն հետագա հնարավոր ճգնաժամերի ժամանակ իրավիճակի սրացումները։

Քննարկվող նախագիծը կարևոր  հատկապես նրանով, որ կոչ է անում միավորել մեր ջանքերն ու հնարավորությունները, միասին հաղթահարել  կյանքի բնականոն ընթացքը խաթարած այս ճգնաժամը։

Ցավալի է սակայն արձանագրել այն փաստը, որ մեր կառույցին անդամակցող որոշ երկրներ  հակառակն են անում՝ իրավիճակն օգտագործելով իրենց ռազմատենչ նկրտումներն իրագործելու համար։

Ի՞նչ աջակցություն կարելի է ակնկալել Ադրբեջանի և Թուրքիայի պես երկրներից, որոնք   համավարակի օրերին սանձազերծեցին 44-օրյա արցախյան պատերազմը՝ ներգրավելով վարձկանների, խաղաղ հայ բնակչության դեմ օգտագործելով արգելված զինատեսակներ։

Ի՞նչ ակնկալել Ադրբեջանից, որն այսօր էլ ոտնձգություններ է կատարում  ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ։

Եվ հարց եմ տալիս՝ այդ ինչպե՞ս է ստացվում,  որ այս ամենից հետո այդ պետությունները մնում են անպատժելի։

Իսկ այժմ, նոյեմբերի 10-ից սկսած, անցել է ավելի քան 7 ամիս, իսկ Ադրբեջանն իր մոտ է պահում ավելի քան 200 հայ ռազմագերի: Հիմա ո՞ր դարն է: Եվ ժամանակակից աշխարհում ցուցաբերել այս որակի հանցագործություն, կարծում եմ՝ վեր է բոլոր, բոլոր ընդունված և չընդունված նորմերից:

Երևի նրանք ուզում են, որ մեր սուվերեն տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորներին էլ մենք գերի վերցնենք և հետո փոխանակենք:

Եթե դա եք ուզում, ասե՛ք:

Հիմա, Եվրոպա, նրանք ներխուժել են Եվրոպայի խորհրդի անդամ պետության սուվերեն տարածք:

Ի՞նչ կասեք:

Կամ ի՞նչ կանեք:

Մի՛ ուշացրեք ձեր առաջարկը:

Գործեք տղամարդավարի, եթե կարող եք:

Եվրոպա, որոշումները պետք է լինեն դիպուկ, օպերատիվ և հասցեական:

Ձեր գործող ընթացակարգերն այլևս չեն սպասարկում էքստրեմալ իրադրությունները, որոնցից մեկն էլ հայ-ադրբեջանական սահմանին կատարվողն է:

Արագ դա փոխեք»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել