Նարեկ Շահինյանը ծաղկի կրպակի հետ որևէ առնչություն չունի․ ՔԿ-ն հորդորում է զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություն տարածելուց
19:11 - 01 հուլիսի, 2021

Նարեկ Շահինյանը ծաղկի կրպակի հետ որևէ առնչություն չունի․ ՔԿ-ն հորդորում է զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություն տարածելուց

2021 թ. հունիսի 30-ին Երևան քաղաքի Իսահակյան-Տերյան փողոցների հատման խաչմերուկում մի խումբ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի աշխատակից Նարեկ Շահինյանն ստացել է մարմնական վնասվածքներ, ինչի կապակցությամբ դիմել է բժշկական օգնության: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Քննչական կոմիտեն։

«Բուժհիմնարկից ստացված համապատասխան հաղորդագրության հիման վրա՝ դեպքի հանգամանքները պարզելու և մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով նախապատրաստվում են նյութեր:

Տեղեկացնում ենք, որ Նարեկ Շահինյանը ծաղկի կրպակի հետ որևէ առնչություն չունի, ուստի էլեկտրոնային մամուլում տարածված այն տեղեկատվությունը, թե իբր վիճաբանության պատճառ է հանդիսացել քաղաքապետարանի աշխատակիցների կողմից ծաղկի կրպակի ապամոնտաժումը, իրականության հետ որևէ աղերս չունի:

Հորդորում ենք զերծ մնալ չճշտված և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն տարածելուց»,- հայտնում են Քննչական կոմիտեից:

Նշենք, որ այսօր մամուլում տեղեկություններ են հրապարակվել, թե Շահինյանին վնասվածքներ հասցնելու համար որպես կասկածյալ որոնվում է Կենտրոնի թաղապետարանի բաժիններից մեկի պետը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել