Բնակչության պատվաստվածության ցածր ցուցանիշը ազդեցություն ունի տուրիզմի վրա․ Նվարդ Մելքոնյան
18:55 - 06 օգոստոսի, 2021

Բնակչության պատվաստվածության ցածր ցուցանիշը ազդեցություն ունի տուրիզմի վրա․ Նվարդ Մելքոնյան

Վերջին երկու ամիսներին պատվաստանյութերի անվճար տրամադրման գործընթացը նպաստեց Հայաստանում զբոսաշրջիկների հոսքի ակտիվացմանը։ Մասնագիտական որոշ շրջանակներ այն կարծիքին են, որ սա լավ հնարավորություն է Հայաստանում առողջապահական տուրիզմի զարգացման համար։

Առողջապահական տուրիզմի, դրա զարգացման և Հայաստանի ռեսուրսների մասին Infocom.am-ը զրուցել է Զբոսաշրջության կոմիտեի մարքեթինգի և խթանման վարչության խորհրդական Նվարդ մելքոնյանի հետ։ 

Խոսելով պատվաստվելու նպատակով Հայաստան ժամանող զբոսաշրջիկների մասին՝ Մելքոնյանը նկատեց՝ իրավիճակային նոր արտահայտություն է հայտվել՝ պատվաստման հետ կապված տուրիզմ, այսինքն՝ զբոսաշրջիկներ, որոնք պատվաստանյութ ստանալու համար մեկնում են տարբեր երկրներ․

«Նմանատիպ փորձ կա Մալդիվներում, ՌԴ-ն է նման փորձ կիրառում, Արաբական Էմիրությունները, ԱՄՆ որոշ նահանագներ, օրինակ՝ Ալյասկա նահանգը, այսինքն՝ իրավիճակային տերմին կամ ուղղություն է հայտվել, որը, կարծում եմ, ժամանակավոր բնույթ ունի։ Հուսանք, որ պատվաստանյութերի կարիքը գալիք տարիներին չի լինի»։

Մելքոնյանը տեղեկացրեց, որ «առողջապահական տուրիզմ» ասվածն առաջացել է Հին Հռոմում ու Հունաստանում, իսկ հետագայում տարածվել ամբողջ աշխարհում՝ առողջապահական նպատակով զբոսաշրջային այց այլ երկիր։ Այս առումով Հայաստանում մեծ պոտենցիալ կա Ջերմուկում, Արզնիում, Դիլիջանում, Վանաձորում, որոնք ԽՍՀՄ-ի տարիներին զբոսաշրջային հայտնի ուղղություններ են եղել։ Մեր զրուցակցի խոսքով՝ վերջին շրջանում նաև զարգացել են ատամնաբուժական, պլաստիկ վիրահատությունների նպատակով այցելությունները Հայաստան։

Հարցին, թե ինչպես պետք է զարգացնել առողջապահական տուրիզմը և այս տեսանկյունից Հայաստանն ավելի գրավիչ դարձնել, Մելքոնյանը պատասխանեց․

«Կարծում եմ՝ նախ առաջարկների բազմազանությունը պետք է ավելացնել։ Ջերմուկը դեռ ԽՍՀՄ տարիներից ակտիվ ուղղություն է։ Այն ռեզորթները, որոնք ԽՍՀՄ տարիներին հայտնի են եղել, մինչև հիմա էլ այդպիսին են։ Կարծում եմ՝ մարքեթինգային արշավներ, առաջարկների բազմազանություն և ամենակարևորը անվտանգություն ապահովելն առաջնային է, այսինքն՝ այն ֆակտորը, որը թույլ է տալիս զբոսաշրջիկին առողջապահական նպատակով որևէ երկիր գնալ, առաջին հերթին անվտանգությունն է։ Խոսքն, իհարկե, առողջապահական անվտանգության մասին է։ Բնակչության պատվաստվածության ցածր ցուցանիշը ազդեցություն ունի տուրիզմի վրա, կան որոշակի շուկաներ, ինչպես նշեցի՝ ամերիկյանը, որտեղ պահանջվում է, որ էքսկուրսավարները, վարորդները, բնակչության որոշակի տոկոս պատվաստված լինեն»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։

Մելքոնյանն ընդգծեց, որ Եվրոմիությունը Հայաստանը երկու անգամ արդեն կանաչ, անվտանգ գոտի է համարել, բայց, իհարկե, պատվաստումները կարևոր են տուրիզմի համար, մանավանդ՝ ամերիկյան շուկայի։ Այս տենդենցով հաշվի է առնվում, թե բնակչության քանի տոկոսն է պատվաստված։

Մեր զրուցակցի կարծիքով՝ Հայաստանում կարելի է զարգացնել արկածային տուրիզմը, որովհետև մշակութային, հոգևոր-մշակութային տուրիզմն արդեն զարգացած է, և կարիք ունենք ուղղակի այն պահպանելու, իսկ արկածային տուրիզմի համար Հայաստանը մեծ պոտենցիալ ունի, այն պետք է զարգացնել։

Իսկ թե պատվաստանյութերի հայտնվելն ինչ ազդեցություն ունեցավ զբոսաշրջության վրա, Մելքոնյանը պատասխանեց, որ այն, իհարկե, դրական ազդեցություն է ունեցել, որովհետև քիչ թե շատ առաջընթաց է գրանցվել։

«Չենք կարող ասել, թե պատվաստանյութը հայտնվեց, ուրեմն զբոսաշրջությունն էլ միանգամից պետք է վերականգնվեր, իհարկե ոչ, որովհետև ամենանուրբ ոլորտն է, և ցանկացած տատանում մեծ ազդեցություն է թողնում զբոսաշրջության վրա՝ վատ իմաստով․․․ Կլինի համավարակ, պատերազմ, առաջին հերթին տուժում է հենց այս ոլորտը։ Պատվաստանյութերի ի հայտ գալը դրական առումով ինչ-որ բաներ կփոխի, մարդիկ ավելի վստահ կճամփորդեն»,- եզրափակեց Զբոսաշրջության կոմիտեի մարքեթինգի և խթանման վարչության խորհրդական Նվարդ մելքոնյանը։

Ասպրամ Փարսադանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել