Կենդանիների պաշտպանության օրենք ունենալու համար անգամ բողոքի ակցիա կիրականացնենք. «Դինգո թիմ»-ի համակարգող
17:52 - 15 մարտի, 2019

Կենդանիների պաշտպանության օրենք ունենալու համար անգամ բողոքի ակցիա կիրականացնենք. «Դինգո թիմ»-ի համակարգող

Չորս օր առաջ «Դինգո թիմ» հասարակական կազմակերպությունը օնլայն ստորագրահավաք է մեկնարկել, որով Ազգային ժողովից պահանջում են կենդանիների պաշտպանության օրենք ընդունել և քրեականացնել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը: Այս թեմայի շուրջ զրուցել ենք «Դինգո թիմ»-ի համակարգող Գոհար Մանուշակյանի հետ:


-Գոհա՛ր, երեկ նշել էիք, որ արդեն 7200-ից ավել ստորագրություն կա, էլ որքա՞ն ստորագրություն է անհրաժեշտ։ Եվ առհասարակ ինչպիսի՞ արդյունք, հետևանք են ունենում նմանատիպ ստորագրահավաքները։

-Ենթադրում եմ, որ 7200-ից արդեն շատ է անցել քանակը, իսկ մաքսիմումը դրված էր 10 հազար, դեռ չգիտեմ՝ դա կավելացվի թե ոչ։ Երբ հասնում է 10 հազարին, այդ կայքը տվյալ երկրի կառավարությանը ծանուցում է ուղարկում, որ այսքան օնլայն ստորագրություն է հավաքվել տվյալ հարցի վերաբերյալ։

-Ի՞նչ գործողություններ են հաջորդելու ստորագրահավաքին։

-Իհարկե, միայն ստորագրահավաքով չենք սահամանափակվելու, պահանջելու ենք պատգամավորների հետ քննարկում, հանդիպում, եթե հարկ լինի, անգամ բողոքի ակցիա կիրականացնենք։ Որովհետև չափազանց կարևոր է, որ այդ օրենքը վերջապես ընդունվի։ Այդ օրենքում շատ կետեր են ներառվելու՝ սկսած կենդանի պահելու կանոններից, վերջացրած դաժան վերաբերմունքը քրեականացնելուց։ Կենդանի պահող մարդը ոչ միայն պետք է ինչ-որ մեկից ինչ-որ բան պահանջի, այլ նաև ինքն էլ սկսի պատասխանատվություն կրել։ Ցավոք, կան կենդանատերեր, ովքեր իրենց կենդանուն այնքան վատ պայմաններում են պահում, որ դա ևս դաժան վերաբերմունք է համարվում:

-Կմանրամասնե՞ք՝ բացի դաժան վերաբերմունքը քրեականացնելուց և կենդանի պահելու կանոններից, էլ ի՞նչ է ներառվելու օրենքի նախագծում:

-Օրենքում անպայման կետ պիտի լինի բուծողների վերաբերյալ: Նրանք պետք է գրանցվեն, հարկ վճարեն, որ իրավունք ստանան կենդանի զույգելու ու վաճառելու: Այդպիսով կհասնենք նրան, որ ամեն երկրորդը բուծող չլինի: Օրինակ՝ վերջերս մի քանի բուծողներից կենդանիներ խլեցինք, որովհետև կենդանիները այնքան սարսափելի վիճակում էին, որ պատմել չեմ կարող:
Բացի դա, որսորդություն անելիս հաշվի չի առնվում օրենքի այն մասը, որ որսորդական զենք չի կարելի օգտագործել բնակելի տարածքներում: Դրա օգտագործումը քրեական չի համարվում, բայց նույն որսորդականով կարելի է շատ լուրջ վնաս հասցնել նաև մարդկանց: Վերջերս դեպք եղավ, երբ մի որսորդը պատահմամբ կրակել էր մյուս որսորդին ու սպանել: Այսինքն՝ նույն այդ զենքով հնարավոր է մահ առաջացնել, իսկ եթե դա հնարավոր է, ի՞նչ թույլատրելիի մասին կարող է խոսք գնալ: Սա ևս շատ մտահոգիչ է:

-Կենդանասերների շրջանում մեծ է մտահոգությունը հատկապես շնամարտերի վերաբերյալ: Օրինագծով որևէ բան նախատեսվու՞մ է այս երևույթի դեմ պայքարելու համար:

-Պարտադիր, պարտադիր լինելու է շնամարտերի վերաբերյալ կետ: Շատ խիստ պատասխանատվության պիտի ենթարկվեն այդ մարդիկ: Հիմա դա վարչականի տակ է մտնում, դրա համար էլ ոչ ոք առանձնապես լուրջ չի վերաբերվում: Մոտ 10-15 օր առաջ շնամարտի ժամանակ կենդանասերները զանգահարել էին ոստիկանություն, բայց ոչ ոք բերման չենթարկվեց, ոչինչ չարվեց: Ասեմ ավելին՝ էդ շնամարտերով զբաղվողները ահազանգող քաղաքացիներին հայհոյում էին, քաշքշում, բայց դա էլ ոչ մի իրավական հետևանք չունեցավ:

Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը Հայաստանում կարգավորվում է միայն վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 92 հոդվածով։ Կա՞ն այս հոդվածով քաղաքացիներին պատասխանատվության ենթարկելու նախադեպեր։

Այո՛, երկու դեպք կա, որ մեր միջոցով տուգանք վճարել են, որոնցից մեկը Պտղնու ավագանիներից մեկն է, որը նաև որսորդ է ու վեց շուն էր կրակել։ Դրանցից չորսը մեկ ամսական ձագեր էին, և միայն երկուսը ողջ մնացին՝ դառնալով հաշմանդամ։ Մյուսն էլ Ճամբարակի դեպքն է, երբ քաղաքացին շներին մեքենայից կապած քարշ էր տվել։
Սակայն, այս հոդվածը ուղղակի ծիծաղելի է. ով ինչ ուզում, անում է, հետո ընդամենը 50 հազար դրամ վճարում ու վերջ։ Ընդ որում՝ հոդվածն ասում է՝ կենդանիներին խոշտանգելու և մահ առաջացնելու դեպքում՝ ինչ-որ պատիժ։ Սա աբսուրդ է։ Այսինքն՝ պիտի սպասենք՝ կենդանուն սպանեն, նոր պատասխանատվության ենթարկենք։ Բացի այդ, այս պարագայում, երբ միայն վարչական է, շատ բարդ է լինում մինչև մենք ոստիկանությունից պահանջում ու հասնում ենք նրան, որ քաղաքացին պատժվի։ Իսկ երբ դառնա քրեական, այդ խնդիրն այլևս չի լինի։ Քրեականը շատ ավելի լուրջ հետևանքներ կունենա, շատ ավելի կվախենան ու չեն անի նման բան։

-Կենդանիների հանդեպ բռնությունը, խոշտանգումները քրեականացնող օրենեքների ի՞նչ հաջողված նախադեպեր կան աշխարհում։

-ԱՄՆ-ի օրինակը լավագույններից է։ Այնտեղ մեղավորը ոչ թե վճարում է, այլ մինչև մի քանի տարի ազատազրկվում, եվրոպական երկրներում՝ նույնպես։ Հայաստանը տարածաշրջանում միակ երկիրն է, որտեղ առհասարակ չկա կենդանիների պաշտպանության օրենք։ Իսկ երեկ կարդացի, որ Վրաստանն արդեն ցանկանում է քրեականացնել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը։

- Լենա Նազարյանից բացի այլ պատգամավորներ խնդրով հետաքրքրվե՞լ են:

-Այո՛, հետաքրքրվածություն կա տարբեր խմբակցությունների տարբեր պատգամավորների կողմից, որոնց հուզում է այս հարցը և փորձում են տարբեր կերպ աջակցել: Մնում է՝ միախմբվենք ու հասնենք դրական արդյունքի: Առաջին տարին չէ, որ կա այս օրինագիծը, բայց նախկինում որոշ մարդկանց դա հետաքրքիր չէր, հիմա՝ նոր խորհրդարանում, ավելի շատ կան կենդանիներին լավ վերաբերվող պատգամավորներ, և հուսանք, որ կհասնենք ցանկալի արդյունքի։

Աստղիկ Քեշիշյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել