Պաշտոնական Երևանն ու Բաքուն համաձայնեցնում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջիկա հանդիպման ժամկետները: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, գրում է «Ինտերֆաքս»-ի ադրբեջանական ծառայությունը:
«Ադրբեջանի նախագահի ու Հայաստանի վարչապետի հանդիպումը նախապատրաստման փուլում է: (ԵԱՀԿ Մինսկի խմբի) Համանախագահներն աշխատում են այդ ուղղությամբ: Այս պահին համաձայնեցվում են ժամկետները, որոնք կհայտարարվեն ավելի ուշ», - ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը:
Նրա խոսքով՝ միևնույն ժամանակ նախապատրաստվում է հանդիպում երկու երկրների ԱԳՆ ղեկավարների միջև: Մամեդյարովը չի բացառել, որ իր հայ գործընկերոջ հետ հանդիպումը կարող է նախորդել բարձր մակարդակով հանդիպմանը:
«Ամեն բան հնարավոր է: Ես նախապես չեմ ուզում ասել, չեմ ուզում աժիոտաժ ստեղծել», - ասել է Մամեդյարովը:
comment.count (0)