Զորամասերում սննդի որակն ու մատուցվող ծառայությունները, առանձին դեպքերում, չեն համապատասխանում պահանջներին
19:42 - 20 օգոստոսի, 2021

Զորամասերում սննդի որակն ու մատուցվող ծառայությունները, առանձին դեպքերում, չեն համապատասխանում պահանջներին

Օգոստոսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը հանդիպել է պաշտպանական գերատեսչության պատվերով սննդի պատրաստման և պահպանման ծառայություններ մատուցող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պատասխանատուները ներկայացրել են իրականացված ստուգումների արդյունքում արձանագրված խախտումները, նշել, որ զորամասերում սննդի որակն ու մատուցվող ծառայությունները, առանձին դեպքերում, չեն համապատասխանում կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերի պահանջներին։

Պաշտպանության նախարարը խիստ քննադատության է ենթարկել զինծառայողներին մատուցվող սննդի պատրաստման և պահպանման ընթացքում խախտումներ թույլ տված կազմակերպություններին և հրահանգել ողջամիտ ժամկետում լիարժեք կերպով վերացնել արձանագրված բոլոր թերությունները։  Արշակ Կարապետյանը ռազմական ոստիկանությանը հրամայել է ամենօրյա հսկողություն սահմանել ճաշարաններում և սննդի պահեստներում, իսկ խախտումներ թույլ տված ընկերությունների դեմ կիրառել իրավական ողջ գործիքակազմը։

Ամփոփելով հանդիպման արդյունքները, Արշակ Կարապետյանն ընդգծել է, որ զինծառայողներին մատուցվող սննդի որակը եղել և մնալու է իր անմիջական հսկողության տակ և հորդորել՝ գիտակցելով Հայրենիքի պաշտպանության համար իր կյանքը վտանգող զինվորի ու սպայի ծառայության կարևորությունը՝ նրանց սննդի մատուցման հարցում ներդնել առավելագույն ջանք։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել