Ընդդիմությունը գրավել է ԱՄՆ-ում Վենեսուելայի դիվանագիտական ներկայացուցչության շենքերը
06:22 - 19 մարտի, 2019

Ընդդիմությունը գրավել է ԱՄՆ-ում Վենեսուելայի դիվանագիտական ներկայացուցչության շենքերը

Վենեսուելայի կառավարությունը հայտնել է, որ ընդդիմության ներկայացուցիչները գրավել են ԱՄՆ-ում իրենց դիվանագիտական ներկայացուցչության շենքերը: Այդ մասին հաղորդում է РИА Новости-ն` վկայակոչելով երկրի կառավարության տարածած հայտարարությունը:

«Բոլիվարյան Հանրապետությունը տեղեկացնում է միջազգային հանրությանը, որ Միացյալ Նահանգներում իր դիվանագիտական ներկայացուցչության շենքերը բռնի կերպով գրավվել են այն մարդկանց կողմից, որոնք վայելում են ամերիկյան կառավարության հրապարակային աջակցությունը և ներկայանում որպես նրանց գործակալներ` սպասարկելով այդ երկրի քաղաքական շահերը և խախտելով դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիան»,- ասված է հայտարարության մեջ:

Պաշտոնական Կարակասը պահանջել է, որ Վաշինգտոնը հետևի իր պարտավորությունների կատարմանը, այդ թվում` քայլեր ձեռնարկի այդ շինությունների գրավումը դադարեցնելու ուղղությամբ, հակառակ դեպքում Վենեսուելան իրեն իրավունք կվերապահի «օրինական և փոխադարձ գործողություններ իրականացնել իր երկրի տարածքում»:

Հայտարարության մեջ նշված է նաև, որ, Վիեննայի կոնվենցիայի համաձայն, նույնիսկ դիվանագիտական հարաբերությունների սառեցման դեպքում պետությունները պարտավորվում են ապահովել դիվանագիտական ներկայացուցչության շենքերի անձեռնմխելիությունը, և «Կարակասում ԱՄՆ դեսպանատանը պահպանում են այդ սկզբունքը»:

tert.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել