Պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է ՀԱՊԿ քարտուղարը նշանակվի առանց հայկական կողմի կարծիքը հաշվի առնելու՝ Նիկոլ Փաշինյանն ասաց․
«Ո՞նց կարող է այդպիսի բան լինել։ Դա կնշանակի, որ ՀԱՊԿ չկա։ Այդտեղ էլ մեր դիրքորոշումը շատ կառուցողական է։ Մենք կարծում ենք, որ ժամկետը մերն է։ Մեր գործընկերները համաձայն չեն սրա հետ, որովհետև ասում են՝ դա կարգավորված չէ և մեկնաբանության տեղ կա։ Հետևաբար մենք ասում ենք՝ եկեք նոր գլխավոր քարտուղար նշանակելուց առաջ կանոնադրության մեջ հստակեցում մտցնենք։ Եթե ինչ-ինչ պատճառներով կազմակերպության գլխավոր քարտուղարի ժամկետը կիսատ է մնում, այդ դեպքերում եկեք կանոնակարգենք, որ իմանանք ոնց է կանոնակարգվում հարցը։ Կարծես այս կետի վրա մենք եկել ենք համաձայնության, որ պետք է հստակ կանոնակարգել։
Շատ ապոկալիպտիկ գնահատականներ էին հնչում՝ բա այս ի՞նչ եղավ, ոչ մի բան էլ չեղավ, իսկ ի՞նչ եղավ։ Մենք ասում էինք, որ օրենքի առաջ բոլոր մարդիկ հավասար են և մենք ապացուցեցինք, որ օրենքի առաջ բոլոր մարդիկ հավասար են։ Իսկ Հայաստանի շահերը լիարժեք պաշտպանվել են այս ընթացքում, և այն խոսակցությունները, որ այս ընթացքում մենք ունեցել ենք ՀԱՊԿ ֆորմատով, ես կարծում եմ, որ դրանք շատ օգտակար խոսակցություններ էին։ Թույլ տվեք ասել, որ ՀԱՊԿ գոյության ողջ ընթացքում այդպիսի խոսակցություններ երբեք տեղի չեն ունեցել։ Դա առաջին անգամն էր, որ տեղի ունեցավ։
Ընդհանուր առմամբ շատ պոզիտիվ եմ գնահատում մթնոլորտը ՀԱՊԿ-ում ։ Եվրասիական տնտեսական միության, ՀԱՊԿ-ի աշխատանքի հիմնական մասը, ցավոք, դռնփակ է տեղի ունենում, և հանրությունը հնարավորություն չունի տեսնել, թե ինչ ոգով են տեղի ունենում քննարկումները։ Ես ասեմ, որ դրանք բավականին բովանդակային, խորը, շահագրգիռ, երբեմն բուռն քննարկումներ են, ինչը էականորեն բարձրացրել է այդ կազմակերպությունների նկատմամբ իմ հարգանքը»։
comment.count (0)