Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ջուջևան գյուղի բնակիչները բաց նամակով դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ստորեւ` նամակը:
Մեծարգո՛ պարոն վարչապետ
ՀՀ Կառավարությունը 2014թ.-ի դեկտեմբերի 18-ին ընդունել է օրենք «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին», ըստ որի՝ 2015 հունվարի 1-ից սկսվել է ՀՀ Կառավարության հաստատած ցանկում ներառված սահմանամերձ համայնքներին աջակցություն ցուցաբերելու գործընթացը: Ըստ այդ օրենքի՝ ի թիվս ՀՀ այլ մարզերի սահմանամերձ համայնքների, սոցիալական աջակցություն է ցուցաբերվել նաև Տավուշի մարզի մի շարք համայնքներին, որոնք ստացել են սահմանամերձի կարգավիճակ: Տավուշի մարզում աջակցություն է ցուցաբերվել Ն.Կ. աղբյուր, Ոսկեվան, Չորաթան, Կողբ, Վազաշեն, Բերքաբեր, Ոսկեպար, Չինարի, Արծվաբերդ, Ծաղկավան (Իջ. շրջ.), Մոսեսգեղ, Դովեղ, Պառավաքար, Բերդավան, Բարեկամավան, Կոթի, Բաղանիս, Սարիգյուղ, Այգեձոր, Կիրանց, Այգեպար, Սևքար, Այգեհովիտ, Վ.Կ. աղբյուր համայնքներին:
2017թ.-ի մայիսի 9-ին ՀՀ ԱԺ-ը փոփոխություններ և լրացումներ է կատարել «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում, ըստ որի՝ տեղի է ունեցել մի շարք համայնքների խոշորացում: Մասնավորապես Տավուշի մարզում Նոյեմբերյան, Ջուջևան, Բաղանիս, Ոսկեպար, Ոսկեվան, Բերդավան, Կոթի, Բարեկամավան, Դովեղ համայնքները խոշորացվել և միավորվել են մեկ համայնքի՝ Նոյեմբերյանի կազմում: Հիշյալ գյուղերը ստացել են բնակավայրի կարգավիճակ: Այդ օրենքի համաձայն՝ համապատասխան որոշումներ են կայացվել, ըստ որոնց՝ բոլոր 9 բնակավայրերի հողերը միավորվել և ամբողջությամբ տրվել են Նոյեմբերյանի համայնքապետարանի տիրապետմանը:
Փաստորեն այնպես է ստացվել, որ 2014թ.-ի դեկտեմբերի 18-ի որոշման համաձայն՝ Ջուջևանը չի ընդգրկվել սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության ծրագրի մեջ, քանի որ չուներ գյուղատնտեսական նշանակության սահմանամերձ հողատարածքներ, որոնք գտնվում են հակառակորդի հրաձգային խոցման տակ: Սակայն 2017թ.-ին միավորվել է մեկ համայնքի կազմում (Նոյեմբերյան), նախկինում Ջուջևանի համայնքապետարանի տիրապետման տակ գտնվող հողերն էլ ամբողջությամբ անցել են Նոյեմբերյանի համայնքապետարանի տիրապետման տակ: Այսինքն՝ Ջուջևանը ստացել է բնակավայրի կարգավիճակ Նոյեմբերյան համայնքի կազմում, ըստ որի՝ այն արդեն որպես Նոյեմբերյան համայնքի մաս ունի հակառակորդի գնդակոծման հետևանքով չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության սահմանամերձ հողատարածքներ, հետևաբար Ջուջևան բնակավայրն էլ Նոյեմբերյան համայնքի այլ բնակավայրերի հետ միասին պետք է ներառվեր վերը նշված օրենքի սոցիալական աջակցության ծրագրում:
Խնդիրն այն է, որ համայնքների խոշորացման ծրագիրը ժամանակին անցել է առանց հանրային լայն քննարկումների, ինչի պատճառով սույն հարցը արհեստականորեն հիշյալ ծրագրում չի ներառվել: Խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերի կարգավիճակը չի դիտարկվել մեկ հարթության մեջ, ինչի հետևանքով Նոյեմբերյան համայնքի ութ բնակավայրերը (Նոյեմբերյան, Բաղանիս, Ոսկեպար, Ոսկեվան, Բերդավան, Կոթի, Բարեկամավան, Դովեղ) օգտվում են ՀՀ Կառավարության՝ սահմանամերձ համայնքներին տրվող աջակցությունից, իսկ Ջուջևանը օրենքից դուրս է մնացել, այսինքն՝ ներառված չէ սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության ծրագրում, ինչը Ջուջևանի բնակիչների տեսանկյունից անընդունելի է և անտրամաբանական: Առավելևս, որ Ջուջևանի բնակիչները հավասարապես հարկվում են Նոյեմբերյան համայնքի այլ բնակիչների նման: Եթե աջակցություն է տրվում համայնքին (ինչպես նշված է որոշման մեջ), ապա մեր բնակավայրի բնակիչներն էլ որպես համայնքի մաս պետք է ստանան այդ աջակցությունը: Հակառակ դեպքում անհասկանալի է, թե ինչպես է, օրինակ, Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան բնակավայրը ընդգրկված այդ ծրագրում, որի տարբեր թաղամասեր նույնպես հեռու են հակառակորդի հրաձգային զենքի խոցումից: Ցանկանում ենք նաև հայտնել, որ մեր գյուղում նույնպես կան տներ, որոնք 90-ականներին խոցվել են հակառակորդի կողմից:
Նախկինում այս անարդարության վերացման համար մեր գյուղի բնակիչները բազմիցս դիմել են տարբեր պետական պաշտոնյաների, սակայն խնդրին այդպես էլ լուծում չի տրվել: Այժմ, սակայն, մենք հույս ունենք, որ մեր հասարակությանն ու պետությանը փոփոխություններ խոստացած նորաստեղծ կառավարությունը ուշադրություն կդարձնի և հետևողականորեն լուծում կտա այս խնդրին:
Խնդրի լուծման համար Ջուջևանի բնակիչներս կազմակերպել ենք ստորագրահավաք: Մենք ակնկալում ենք, որ կառավարությունը առաջիկա նիստերից մեկում կքննարկի այս հարցը: Որպես լուծում առաջարկում ենք, որ Տավուշի մարզի Ջուջևան բնակավայրը ներառվի սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության ծրագրում և ստանա համապատասխան արտոնություններ, որոնք ունեն Նոյեմբերյան համայնքի 8 այլ բնակավայրերը: Այլապես անտրամաբանական վիճակ է ստեղծվում. մենք կիսում ենք համայնքի դժվարությունները հավասարաչափ, բայց համայնքին տրվող արտոնություններից զրկված ենք: Այսինքն՝ պարտավորությունները հավասար են, իսկ իրավունքները՝ անհավասար:
comment.count (0)