Մատենադարանի աշխատակիցները ձևավորել են աշխատողների արհեստակցական միություն
06:39 - 08 մարտի, 2019

Մատենադարանի աշխատակիցները ձևավորել են աշխատողների արհեստակցական միություն

Մատենադարանի աշխատակիցները ձևավորել են աշխատողների արհեստակցական միություն։ Միության ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարության մեջ ասվում է․

«Ս.թ. hունվարի 25-ին ինքնակազմակերպ հանդիպման ընթացքում Մատենադարանի մի խումբ աշխատակիցներ, առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության 45-րդ հոդվածով, նախաձեռնել են հիմնադրելու Մատենադարանի աշխատողների արհեստակցական կազմակերպությունը: Փետրվարի 1-ի հիմնադիր ժողովի ընթացքում ընտրվել են արհեստակացական կազմակերպության աշխատանքները համակարգող երկու մարմին՝ գործադիր և վերահսկող, հաստատվել է կանոնադրությունը: Արհեստակցական կազմակերպության բարձրագույն մարմինը արհեստակցական կազմակերպության ժողովն է, որը ձևավորվում է արհեստակցական կազմակերպության բոլոր անդամներից:

Կազմակերպության նպատակները
• ձևավորել աշխատանքային հարաբերությունների նոր մշակույթ՝ հիմնված փոխադարձ հարգանքի, հավասար իրավունքների, թափանցիկության, աշխատանքային իրավունքների և պարտականությունների իրազեկվածության վրա
• իրականացնել իր անդամների աշխատանքային, մասնագիտական, սոցիալ-տնտեսական իրավունքների և շահերի պաշտպանությունը
• իրացնել գիտա-գործնական ծրագրերի մշակմանն ու դրանց կենսագործմանը մասնակցելու իրավունքը
• մասնակցել ոլորտի աշխատողների շահերը շոշափող օրենսդրական ակտերի, պետական ծրագրերի վերլուծության աշխատանքներին, այլ միջոցառումներին
• ներկայացնել գործատուին առաջարկություններ` աշխատողների աշխատանքի և հանգստի պայմանների բարելավման, նոր տեխնիկայի ներդրման, աշխատանքի վարձատրության չափի և կարգի վերաբերյալ, արհեստակցական միության անդամի պարգևատրման ու խրախուսման հարցերում
• նպատակաուղղել արհեստակցական կազմակերպության միջոցները վերջինիս անդամների հանգստի, ուսումնա-մշակութային, կրթական, մարզական և այլ միջոցառումների կազմակերպմանը:

Օրենսդրությամբ սահմանված կարգով արհեստակցական կազմակերպության անդամ կարող է լինել Մատենադարանի յուրաքանչյուր աշխատող, որը ընդունում և իրականացնում է կանոնադրության պահանջները և սահմանված կարգով մուծում անդամավճար (աշխատավարձի 1 %-ի չափով): Անդամավճարի (աշխատավարձի 1%) 20 %-ը փոխանցվելու է Հայաստանի պետական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հանրային ծառայությունների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությանը, որին անդամակցում է Մատենադարանի աշխատողների արհմիությունը: Հայաստանի պետհիմնարկների արհմիությունը արդեն իր միջոցներով գրանցել է Մատենադարանի աշխատողների արհեստակցական կազմակերպությունը ՀՀ արդարադատության
նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում: Անդամավճարի 20%- փոխանցումը նպատակ ունի մաս-մաս փոխհատուցելու այս և հետագա այլ ծախսերը, ինչպես նաև բխում է արհմիութենական գործունեության տրամաբանությունից: Անդամավճարի մնացած 80%-ը բացառապես օգտագործվելու է Մատենադարանի արհմիության կանոնադրության մեջ հռչակված նպատակներով՝ արտացոլվելով բաց և թափանցիկ հաշվետվություններում:

Այն աշխատակիցը, որ քաջատեղյակ է աշխատանքային իր իրավունքներին ու պարտականություններին և դրանք բարեխիղճ իրականացնում է, ով իր կատարած աշխատանքի դիմաց ստանում է արժանապատիվ վարձատրություն, աշխատավայրում տեսնում է սեփական ընդունակությունների հիման վրա մասնագիտական աճի և առաջադիմելու հեռանկար, ով հավատում է, որ իր ակտիվ մասնակցությունը հանգեցնում է աշխատանքի վայրում շոշափելի և էական բարելավումների, այդպիսի աշխատակիցը կայացած աշխատակից է: Չի կարող լինել կայացած հաստատություն առանց կայացած աշխատակցի: Մատենադարանի աշխատողների արհեստակցական կազմակերպությունը կոչված է նպաստելու կայացած աշխատակցին և աշխատավայրին:

Հարգանքով՝
Մատենադարանի աշխատողների արհեստակցական կազմակերպություն»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել