armenpress.am: «Ալյանս» կուսակցության 9-րդ հերթական համագումարի ժամանակ ընտրվեցին նոր ղեկավար մարմիններ։
Վարչության ղեկավարի պաշտոնում առաջադրված էր Հակոբ Հակոբյանը, բարձրագույն խորհրդի՝ Տիգրան Արզաքանցյանը, կուսակցության նախագահի՝ Տիգրան Ուրիխանյանը։
«Ես եղել եմ ու շարունակելու եմ մնալ ընդդիմադիր այնքան ժամանակ, որքան սպասարկել եմ ՀՀ քաղաքացու շահը։ Ես եղել ու կամ ընդդիմադիր այնքան ժամանակ, մինչև չվերցնեմ իշխանությունը Հայաստանում։ Դիմում եմ նաև նրանց, ովքեր ասում են, որ այս կամ այն մարդու հետ եմ հանդիպել. ա՛յո, հանդիպումներ եմ ունեցել և՛ Սերժ Սարգսյանի, և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Նիկոլ Փաշինյանի հետ, ասեմ, որ ում հետ ցանկանամ՝ կհանդիպեմ, փակեք այս թեման։ Ես կհանդիպեմ բոլոր նրանց հետ, ովքեր ցանկություն կունենան»,- նշեց կուսակցության գործող նախագահը։
Տիգրան Ուրիխանյանը նաև շեշտեց, որ ՀՀ կառավարման համակարգից պետք է վռնդվեն նրանք, ովքեր խաբում են, արդյունք ցույց չեն տալիս, ինչպես նաև նրանք, ովքեր մարել են շուրջ 5000 օջախի լույսն ու հոգիները և ստիպում են հաշտվել այդ իրականության հետ։ Նա ասաց, որ իրենք խոնարհում են իրենց կուսակցական դրոշը բոլոր ցանկացողների առաջ և պատրաստ են ծնկաչոք մոտենալ և դիմել բոլոր այն գործընկերներին, ովքեր կարծում են, որ ՀՀ-ում պետք է ձևավորել այնպիսի իշխանություն ու ընդդիմություն, որոնք ծառայում են ժողովրդին։
Տիգրան Արզաքանցյանն էլ հայտարարեց՝ ինքը, որպես հայրենասեր քաղաքացի, որպես Գավառի պատվավոր քաղաքացի, պատրաստ է ծառայել երկրին։
«Մենք ցանկանում ենք անվտանգ երկիր կառուցենք և ունենանք հարուստ, զարգացած ու ժամանակակից հայրենիք։ Այսօր «Ալյանս» կուսակցության ղեկավարության հետ հանդիպել ենք և հասկացել ենք, որ մեր հայացքները նույնն են ու պատրաստ ենք միմյանց հետ ճանապարհ անցնել, որպեսզի Հայաստանն այս ցնցումների մեջից հանենք»,- ասաց նա:
«Ալյանս» կուսակցության բարձրագույն խորհրդի նախագահի պաշտոնում միաձայն ընտրվեց Տիգրան Արզաքանցյանը, վարչության ղեկավար ընտրվեց Հակոբ Հակոբյանը։
Կուսակցության նախագահ ընտրվեց Տիգրան Ուրիխանյանն, ով քվեարկության ժամանակ ինքն իր դեմ քվեարկեց։ Վերջինս ներկա պահին էլ գործող նախագահն է։
Համագումարի ընթացքում նաև որոշվեց կանոնադրությունում փոփոխություն մտցնել՝ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը փոխարինել «Ալյանս» դեմոկրատական ցենտրիստական կուսակցություն անվանումով։
comment.count (0)