azatutyun.am: ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչների տունը չկարողացավ հաղթահարել նախագահ Դոնալդ Թրամփի վետոն: Կոնգրեսը որոշում էր ընդունել չեղարկել արտակարգ դրությունը, որը Թրամփը հայտարարել էր Մեքսիկայի սահմանին պատի կառուցման ֆինանսավորումը ապահովելու համար: Ներկայացուցիչների տան որոշման վրա Թրամփը վետո էր դրել, ինչը հաղթահարելու համար անհրաժեշտ էր կոնգրեսականների գերակշիռ մեծամասնության՝ 2/3-ի քվեարկությունը (290 ձայն):
Սակայն դեմոկրատներին քիչ հանրապետականներ միացան՝ ընդամենը 14 մարդ: Երեքշաբթի կայացած քվեարկության արդյունքում նախագահի վետոն հաղթահարելուն կողմ քվեարկեց 248 կոնգրեսական, դեմ՝ 181-ը:
Այդպիսով փետրվարի 15-ին Թրամփի հայտարարած արտակարգ դրությունը մնում է ուժի մեջ: Նա կարող է շրջանցելով Կոնգրեսը, այլ ոլորտներին հատկացված միջոցներից գումարներ վերցնել Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար:
Սակայն դեմոկրատների պայքարը կշարունակվի դատարաններում: Թրամփի որոշումը հակասահմանադրական ճանաչելու պահանջով արդեն մի քանի հայցեր են ներկայացվել դատարաններ:
comment.count (0)