Քաղաքացիները դիմում տվեցին կառավարությանը՝ հրապարակելու ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունը, որի մասին խոսել է Փաշինյանը
15:03 - 22 նոյեմբերի, 2021

Քաղաքացիները դիմում տվեցին կառավարությանը՝ հրապարակելու ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունը, որի մասին խոսել է Փաշինյանը

«Ազատագրական շարժման» նախաձեռնողները, նրանց միացած քաղաքացիները ժամը 14։00-ից հավաքվել էին Երևանի Հանրապետության հրապարակում՝ ՀՀ կառավարության շենքի դիմաց։ Նրանք նշեցին, որ իրենց ակցիան խաղաղ է, և որ իրենք ունեն միայն մեկ պահանջ․ հրապարակել ստորագրվելիք փաստաթղթի (ինչի մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը) բովանդակությունը։ Հրապարակում նաև ոստիկաններ կային։

Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել է․ «Դեռևս 2021թ․-ի մայիսին կառավարության նիստում հայտարարել եմ, որ պատրաստ եմ ստորագրել այդ պահին սեղանին դրված առաջարկությունը դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթաց սկսելու վերաբերյալ։ Մայիսին և դրանից հետո ՌԴ-ն 3 անգամ` ներառյալ չակերտավոր բացահայտված փաստաթուղթը, հանդես է եկել առաջարկով, և, ըստ էության, բոլոր 3 անգամները մենք համաձայնություն ենք տվել այդ գործընթացով գնալ առաջ, շարժվել առաջ: Իմ տպավորությամբ գործընթացը տեղից չի շարժվել Ադրբեջանի կողմից պրոցեսի ձգձգման կամ կոնկրետ պատասխան չտալու առիթով»։

Ակցիայի մասնակիցները կառավարության հանձնեցին իրենց դիմումը՝ ստորագրվելիք փաստաթղթի բովանդակության հրապարակման վերաբերյալ։ Այժմ նրանք Ամիրյան-Մաշտոցի պողոտա-Բաղրամյան երթուղով շարժվում են դեպի նախագահի նստավայր՝ ՀՀ նախագահին ևս հանձնելու իրենց դիմումը, այնուհետև կգնան Ազգային ժողովի շենք, ապա կվերադառնան Հանրապետության հրապարակ, որտեղ ժամը 17։00-ին կկայանա իրենց հանրահավաքը․ հենց այդ ժամանակ էլ կներկայացվեն նախաձեռնության ծրագրերը, հետագա անելիքները։ 

ՀՀ կառավարության շենքի դիմաց էին ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, «Զարթոնք» ազգային քրիստոնեական» կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանը, «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը։ Վերջինս իր խոսքում նշեց, որ սա վերկուսակցական պայքար է՝ կոչ անելով քաղաքացիներին միանալ։ Անդրադառնալով խորրդանական ընդդիմության հետ համագործակցությանը՝ Տոնոյանն ասաց, որ նրանդ պահանջ ունեն, քանի որ նրանց գործը Ազգային ժողովում է։

Նշենք, որ առավոտից նախաձեռնության անդամներն ու աջակիցները Երևանում փողոցներ էին փակում՝ քաղաքացիներին իրազեկելով սպասվելիք հանրահավաքի և դրա պատճառների մասին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել