Օսկանյանի ցուցմունքով էլ է հաստատվում, որ Քոչարյանը ուժ կիրառելու գործողությունների մասին առավոտյան է տեղեկացել. պաշտպան |armtimes.com|
07:31 - 26 մարտի, 2019

Օսկանյանի ցուցմունքով էլ է հաստատվում, որ Քոչարյանը ուժ կիրառելու գործողությունների մասին առավոտյան է տեղեկացել. պաշտպան |armtimes.com|

armtimes.com: ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի եւ բարձրաստիճան ոստիկանների ցուցմունքով հաստատվում է, որ Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի լուսադեմին իրավապահների կողմից ուժ կիրառելու անհրաժեշտության մասին իմացել է առավոտյան:
Այս մասին այսօր մեր զրույցում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը: Նա մեր հարցին ի պատասխան նաեւ ասաց, որ սույն քրեական գործի շրջանակում հարցաքննվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը:

Պաշտպան Հայկ Ալումյանի հետ զրույցը ստորեւ.

- Պարոն Ալումյան, այնքանով որքանով ծանոթ եք քրեական գործի նյութերին, կարո՞ղ եք ասել՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ ներկայացված ապացույցներ կա՞ն:

- Երեւի մոտավորապես գործի նյութերի 30-40 տոկոսը կարելի է ասել, որ ծանոթ ենք եւ մեզ համար առ այս պահը մեղադրանքը հիմնավորող նոր բան դեռեւս չենք գտնում:

- Իսկ ցուցմունքների մասո՞վ:

- Այդ թվում նաեւ ցուցմունքների: Բազմաթիվ ցուցմունքներ ենք գտել, որոնցով մեղադրանքի այս կամ այն հատվածը ուղղակի հերքվում է:

- Մասնավորապես ո՞ւմ կողմից տրված ցուցմունքների մասին է խոսքը:

- Մարտի 1-ի առավոտվա իրադարձությունների հետ կապված, օրինակ, ոստիկանական բարձաստիճան պաշտոնյաների ցուցմունքները եւ այդ գործով անմիջականորեն մասնակցած ոստիկանների ցուցմունքները, դրանք բոլորը եւս մեկ անգամ հաստատում են այն, ինչ պարոն Քոչարյանը ժամանակին ասում էր, հիմա էլ ասում է: Օրինակ, մենք գտանք նաեւ մի փաստաթուղթ, որ պարզվում է՝ դեռեւս 2008 թվականի փետրվարի 24-ին Ազգային անվտանգության ծառայությունում արդեն քրեական գործ էր հարուցված եղել Ազատության հրապարակում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ, որովհետեւ նյութեր են ունեցել, որոնց հիման վրա եզրակացության են եկել, որ կա իշխանությունը բռնի տապալելու հանցագործության դեպք եւ քրեական գործ են հարուցած եղել: Հետո մենք տեսանք, որ այդ քրեական գործի նյութերը այս քրեական գործի մեջ բացակայում են:

- ԱԱԾ-ում քրեական գործը ի՞նչ հոդվածով է հարուցված եղել:

- Քրեական գործը հարուցվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ մի խումբ անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու փաստի առթիվ՝ ՀՀ ՔՕ 300 հոդվածի 1-ին մասով: Այսինքն՝ այդ պահի դրությամբ ԱԱԾ-ն արդեն այսպիսի որոշում կայացնելու համար բավարար նյութեր է ունեցել:

- Այսինքն՝ Ալիկ Արզումանյանին եւ մյուս 6 անձանց այս գործի շրջանակո՞ւմ է մեղադրանք առաջադրվել:

- Ոչ, այնտեղ հետո բազմաթիվ այլ գործեր էլ են հարուցվել, մարտի 1-ին, 2-ին, հետո դրանք բոլորը, այդ թվում նաեւ այս գործը, միացրել են մեկ վարույթում:

- Ասացիք՝ Լեւոն Տեր Պետրոսյանի եւ մի խումբ անձանց կողմից, բայց Լեւոն Տեր-Պետրոսյանը որեւէ կարգավիճակ չի ունեցել:

- Այո, չի ունեցել, բայց համենայնդեպս ես ասում եմ այն, ինչ գրված է: Փետրվարի 24-ին Ազգային անվտանգության ծառայությունը արդեն իսկ որոշ չափով նյութեր է ունեցել, որովհետեւ եթե այդպիսի որոշում է կայացվել, ենթադրվում է, որ սրա տակ ինչ-որ նյութեր են եղել: Հետագայում այս որոշման հիման վրա հարուցված քրեական գործը՝ բաղկացած երկու հատորից, ԱԱԾ-ից մարտի 2-ին փոխանցվել է Հատուկ քննչական ծառայություն, միացվել ընդհանուր գործին, բայց հիմա այ էս երկու հատորը մենք չենք կարողանում գտնել եւ այդ երկու հատորը մեզ մինչեւ հիմա տրամադրված չի: Շատ կարեւոր է, թե փետրվարի 24-ի դրությամբ ի՞նչ տվյալներ է ունեցել ԱԱԾ-ն եւ նաեւ կարեւոր է, թե փետրվարի 24-ից մինչեւ մարտի 2-ը ԱԱԾ-ն ինչ քրեական գործ է քննել, ինչ նյութեր են հավաքված եղել այդ ընթացքում, որովհետեւ փետրվարի 24-ի դրությամբ արդեն ինչ-որ տվյալներ առնվազն եղել են:

- Այս գործի շրջանակո՞ւմ են Մարտի 1-ի լուսադեմի գործողությունները տեղի ունեցել:

- Ոչ, այս գործի շրջանակում չէ: Թյուր կարծիք կար, որ մինչեւ քրեական գործ չհարուցվի, դեպքի վայրի զննություն իրականացվել չի կարող: Դեպքի վայրի զննությունը կարող է իրականցվել մինչեւ քրեական գործի հարուցումը, շատ ժամանակ քրեական գործը հարուցվում է հենց դեպքի վայրի զննության արդյունքում: Այս դեպքում էլ տարածքի զննություն է նախատեսված եղել Մարտի 1-ի առավոտյան, նախատեսված չի եղել ուժի կիրառում, ուժի կիրառման անհրաժեշտությունը առաջացել է, երբ ոստիկանները հանդիպել են դիմադրության:

- Դուք տեղեկութուն ունե՞ք՝ Հատուկ քննչական ծառայությունը ԱԱԾ-ի այս որոշումը եւս վիճարկո՞ւմ է:

- Ոստիկանների զեկուցագրերը, որոնք թվագրված են մինչեւ Մարտի 1-ով, էդ զեկուցագրերը ՀՔԾ-ն համարում է, որ հետագայում արդեն մարտի 2-ից հետո է հետին թվով գրվել, որպեսզի ստեղծեն օրինական հիմք, թե ինչու են ոստիկանները մարտի 1-ի առավոտյան եկել այդտեղ: Բանը նրանում է, որ ոստիկանության տվյալները միակը չեն եղել ու որոշիչը չեն եղել այս իրավիճակում: Գլխավորապես այդ տեղեկությունները Ռոբերտ Քոչարյանին հասել են ոչ թե ոստիկանության ղեկավարության, այլ՝ Գորիկ Հակոբյանն է զեկուցել այդ մասին: Եվ դատավճիռների մեջ գրված է, որ Ազգային անվտանգության ծառայության կողմից են օպերատիվ տվյալներ ստացվել, որ սենց, սենց: Հիմա ՀՔԾ-ն ասում է՝ ոստիկանությունը հետին թվով է գրել, բայց ՀՔԾ-ն երբեք չի ասել, որ ԱԱԾ-ն է հետին թվով այդ զեկուցագրերը գրել:

- Պարոն Ալումյան, ասացիք առավոտվա իրադարձությունների հետ կապված ցուցմունքներ կան, որոնք հաստատում են այն, ինչ Քոչարյանն է ասել, մասնավորապես ի՞նչ ցուցմունքներ են:

- Պարոն Օսկանյանի ցուցումունքով էլ է հաստատվում պարոն Քոչարյանի ասածը, որ առավոտյան է ինքը իմացել այդ իրադարձությունների մասին. Օսկանյանի ցուցմունքն էլ եւ նաեւ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների ցուցմունքներն էլ ամբողջությամբ տեղավորվում են հենց այդ նկարագրի մեջ: Այսինքն՝ որոշումը, որ պետք է գնալ այնտեղ զննել եւ եթե կան զենքեր՝ հայտնաբերել, այդ որոշմանը պարոն Քոչարյանը նախորդ օրը ծանոթ եղել է ու դա միշանշանակ, իսկ ուժ կիրառելու անհրաժեշտությունը առաջացել է առավոտյան շուտ եւ ոչ ոք չի զանգահարել պարոն Քոչարյանից ուժ կիրառելու թույլտվություն ուզել, որ առավոտ շուտ զանգեն, ասեն՝ ի՞նչ անենք, ուժ կիրառե՞նք, թե՝ ոչ, դա տեղի է ունեցել այդ պահին ստեղծված իրավիճակից դրդրված, դա կիրառվել է, որից հետո պարոն Քոչարյանը եկել է աշխատանքի, այդ ժամանակ իրեն տեղեկացրել են, որ այսպիսի դեպք է տեղի ունեցել Ազատության հրապարակում:

Շարունակությունը կարդացեք armtimes.com-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել