Վարչապետի խոսքը պետք է կատարել, թող ՔՊ-ականները դուրս գան բուհերի խորհուրդներից. Մարուքյան |tert.am|
09:47 - 26 մարտի, 2019

Վարչապետի խոսքը պետք է կատարել, թող ՔՊ-ականները դուրս գան բուհերի խորհուրդներից. Մարուքյան |tert.am|

tert.am: Վարչապետը ճիշտ է ասում, որ բուհերը չպետք է քաղաքականացված լինեն: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

«Պետք է ուշադիր լինել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից որևէ մեկը չընդրգկվի նոր ձևավորվող բուհերի կառավարման խորհուրդներում, մինչդեռ ես տվյալներ ունեմ, որ արդեն կան կառավարման խորհուրդներ, որտեղ ինչ որ ուժերից մարդիկ են ներգրավվել»,- շեշտեց Էդմոն Մարուքյանը:

ԼՀԿ խմբակցության ղեկավարն, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ուսանողի վրա դուռ փակած ռեկտորներն այլևս տեղ չունեն նոր Հայաստանում, ասաց. «Եթե ես ճիշտ եմ հասկացել, խոսքը ԵՊՀ ռեկտորի մասին է: Վարչապետն արել է քաղաքական հայտարարություն, դրանից ռեկտորը կարող է զգալ իր մեղքը, կարող է և` ոչ»։

Հիշեցնենք, որ երեկ կայացած կառավարության արտահերթ նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարերեց, որ ամբողջ կրթական համակարգը պետք է ապաքաղաքականացվի՝ բուհականից մինչև դպրոցական համակարգ։

«Եվ մենք պետք է շատ հստակ ասենք, որ օրինակ՝ այն ռեկտորները, որոնք բարձրագույն կրթական համակարգը դարձրել են ինչ-որ կուսակցական բջիջներ, այն ռեկտորները, որոնք ուսանողների վրա դռներ են փակել, այդ ռեկտորները նոր Հայաստանում անելիք չունեն: Սա իմ շատ հստակ դիրքորոշումն է, և մենք չպետք է վախենանք այդ դիրքորոշումն ասելուց: Թող դռներից ճանկռեն, իրենց սեղաններից ու բազկաթոռներից ճանկռեն, բայց իրենք նոր Հայաստանում անելիք չունեն: Թող գնան, իրենց համար գտնեն այլ աշխատանք, այլ անելիք, այլ առաքելություն: Չի կարող Հայաստանի Հանրապետությունում ուսանողի վրա դուռ փակած ռեկտորը կամ կրթական պրոցեսը կուսակցականացրած ռեկտորը և ղեկավարությունը շարունակի Հայաստանում աշխատել:

Չի կարող այդպիսի բան լինել, հեղափոխությունը սկսվել է այս պահանջով և ավարտվելու է այս պահանջով: Ինչքան էլ ասում են՝ «она будет жаловатся», չկա տարբերակ, սա քաղաքական որոշում է, և այդ քաղաքական որոշումը մի շաբաթ այս կողմ, մի շաբաթ այն կողմ, կիրագործվի»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել