fip.am: «168 ժամի» հոդվածում ոչ փաստարկված օրինակներ են բերվում իշխանությունների կոռումպացվածության և կոռուպցիայի դեմ պայքարում քաղաքական կամքի բացակայության մասին։
Մարտի 25-ից մամուլում շրջանառվում է քաղաքագետ, «Ազատություն» ռադիոկայանի հայաստանյան մասնաճյուղի նախկին ղեկավար Աղասի Ենոքյանի հոդվածը։ Այն պարունակում է իշխանության կոռուպցիոն հակումների և կոռուպցիայի դեմ պայքարում քաղաքական կամքի բացակայության վերաբերյալ խնդրահարույց պնդումներ։
Նոր տոնածառի ձեռքբերում
Հոդվածում, մասնավորապես, ասվում է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից ամանորյա տոների կապակցությամբ գնված ավելի քան 70 մլն դրամանոց տոնածառի արժեքի հետ կապված քննություն չի գնացել, սակայն շատերի մոտ կասկած կա, որ այն ձեռք է բերվել, այսպես կոչված, «ատկատի» կոռուպցիոն մեխանիզմով։
2018 թվականի դեկտեմբերի 21-ի Երևանի ավագանու նիստում, սակայն, բավականին մանրամասն ներկայացվել է նոր տոնածառի գնման գործընթացը։ Նիստի ժամանակ, մասնավորապես, նշվել է, որ նոր տոնածառը չի գնվել քաղաքի բյուջեի հաշվին, այլ գնվել է «Երևան-2800» հիմնադրամի կողմից խնայված մոտ 600 միլիոն դրամ գումարներից։ Տոնածառը՝ զարդարանքներով և լույսերով միասին, արժեցել է 85 մլն 32 հազար դրամ։ Հետևաբար, Երևանի ավագանին նոր տոնածառն ընդունել է որպես նվիրատվություն «Երևան-2800» հիմնադրամի կողմից։
Կոռուպցիոն գործերի բացահայտում
Ըստ հոդվածագրի, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չի բացահայտել կոռուպցիայի որևէ «լուրջ դեպք», այլ բավարարվել է կոռուպցիայի մասին «հնչեղ կինոներ նկարելով»։
Հիշեցնենք, սակայն, որ Ազգային անվտանգության ծառայությունը դեռևս 2018 թվականի մայիսին բացահայտեց «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ կողմից հարկային պարտավորություններից խուսափելու նպատակով կիրառված երկարատև սխեմա, որի առթիվ հարուցվեց քրեական գործ։ Նույն թվականի հունիսի 13-ին բացահայտվեցին «Երևան» հիմնադրամում տեղի ունեցած չարաշահումները։
Սեպտեմբերին Գլխավոր դատախազությունը քրեական գործ էր հարուցել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացման գործընթացում թույլ տրված չարաշահումների գործով։ Ըստ դատախազության, պետությանը 23,5 մլրդ դրամի վնաս է հասցվել:
Դեկտեմբեր ամսին ևս տեղի են ունեցել կոռուպցիոն մի շարք հանցագործությունների բացահայտումներ։
Պարգևավճարներ
Հոդվածում ասվում է, որ զարմանալի են սոցիալական արդարության ջատագով հեղափոխական իշխանությունների ինքնապարգևատրումները։
Նախ նշենք, որ FIP.am-ը ևս անդրադարձել է պարգևատրումների հարցում օրենքի խախտումներին։
Ինչ վերաբերում է այս հարցում քաղաքական կամքի խնդրին, ապա պետք է նշել, որ պարգևատրումների շուրջ բարձրացված աղմուկին զուգահեռ՝ փետրվարի 7-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունում փակ հանդիպում էր հրավիրվել, որին ներկա էր ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։ Հանդիպումից հետո ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան գրառման տեսքով հայտնել էր Ատոմ Ջանջուղազյանի հետ համատեղ քննարկման արդյունքում մշակած այն 4 քայլերը, որոնք կիրականացվեն և կբերեն նման դեպքերի կանխարգելմանը։
Այսպիսով, հոդվածում բերված պնդումներն ու օրինակները իշխանությունների կոռումպացվածության մասին ոչ փաստական են և իրականությունից կտրված։
comment.count (0)