Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի հետ քննարկման ժամանակ հարց բարձրացրեց, որ քաղաքացիների կողմից բողոքները կրկնվում են, երբ առաջարկվում է վարկ, օրինակ, 15 տոկոսով, տեղում պահանջում են որոշակի ծառայությունների վճարներ և, իրականում, ստացվում է տոկոսը 24 է:
«Ասում ենք, որ վարկի տոկոսը իջավ, սակայն քաղաքացիների հետ շփումից ստացվում է, որ ծառայությունների վճարների միջոցով իրական տոկոսները չենք կարողանում արձանագրենք: Վարկը ստանալու պահին քաղաքացին ի՞նչ ծախսեր պետք է անի և այս գործընթացը որքանո՞վ է օրինական և տրամաբանական», - ասաց վարչապետը:
Կենտրոնական բանկի նախագահը նշեց, որ խոսքը էֆեկտիվ տոկոսոադրույքի մասին է և ընդունված սպառողական կրեդիտավորման մասին օրենքով քաղաքացիների շահերը պաշտպանված են:
«Մինչև տասը միլիոնանոց սպառողական վարկերի դեպքում ֆինանսական կառույցը պարտավոր է բոլոր տիպի վճարները ներառի տոկոսի մեջ և ընդգծված ձևով ներկայացվի իր տոկոսը որքան է, կառավարման վճարը, գնահատման վճարը մտցնի քաղաքացու տոկոսի մեջ, գումարը ֆիքսի, թե որքան է մարելու, որից հետո միայն քաղաքացին վարկը ստորագրում է», - ասաց նա:
Վարչապետը հետաքրքրվեց՝ հնարավոր չէ՞ տոկոսի մասին հայտարարությունները այդ հաշվառումով անել, որպեսզի իմանան՝ շուկայում ինչ է կատարվում:
«Մտավախությունն այն է, որ թվերը իրականությունը չեն արտացոլում և կարող ենք սխալ եզրակացությունների գալ», - նշեց վարչապետը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վստահեցրեց, որ հայտարարված տոկոսադրույքները բացարձակապես համապատասխանում է իրականությանը։
«Ձեր ասած խնդիրը գուցե մանր սպառողական վարկերին է վերաբերում, բայց, կարծում եմ, որ շուկան կկարգավորի, ԿԲ-ն էլ բավարար գործիքակազմ ունի, որ զսպի», - ասաց փոխվարչապետը։
«Իմ խնդիրն է հասկանալ ճշմարտությունը, որ հինգ հարյուր հազար վարկի դիմաց պահանջում են հիսուն հազար դրամ, ստացվում է վատ դրության մեջ ենք դնում գյուղացուն», - նշեց Փաշինյանը։
comment.count (0)