Ղարաբաղյան կարգավորում. պատասխանատվության չափը |acnis.am|
10:02 - 23 մարտի, 2019

Ղարաբաղյան կարգավորում. պատասխանատվության չափը |acnis.am|

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի առաջիկա հանդիպման թեմայի շուրջ երկշաբաթյա բուռն քննարկումներն ավարտվեցին մարտի 19-ին Երեւանում Փաշինյանի հրավիրած մամլո ասուլիսով: Վարչապետը բանակցային գործընթացի նկատմամբ իր մոտեցման օգտին բերեց փաստարկներ` վկայակոչելով 1992-94 թթ. բանակցային գործընթացի հիմնարար փաստաթղթերից մի շարք դրույթներ: Որոշակիացվեց Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպման թեման:

Եվ այսպես՝ ի՞նչ ունենք այսօրվա դրությամբ:

Ա. Վարչապետի հայտարարությունը, որ ինքը չի կարող Արցախի ժողովրդին ներկայացնել բանակցային գործընթացում եւ Արցախի ղեկավարությանը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու անհրաժեշտության մասին նրա մոտեցումը:

Բ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը՝ առանց բոլոր կողմերի նախնական համաձայնության, բանակցությունների ձեւաչափի փոփոխման անթույլատրելիության մասին:

Գ. Մինսկի խմբի կողմից առաջարկված՝ կարգավորման երեք սկզբունքների եւ վեց տարրերի կամայական մեկնաբանությունների մասով պարզություն մտցնելու՝ վարչապետի տրամադրվածությունը:

Դ. ԵԱՀԿ Մինսկի խմբի 1992թ. մարտի 24-ի՝ իր մանդատի դրույթներից եւ 1994 թվականի դեկտեմբերին կայացած Բուդապեշտի գագաթաժողովի որոշումներից հրաժարվելու խնդրի արդիականացումը:

Ինչպե՞ս կարելի է բնութագրել ներկայում առկա դիվանագիտական իրավիճակը:

Մի քանի բառով՝ որպես 1992-ին անուշադրության մատնված Մինսկի գործընթացի ճգնաժամ: Ավելի ստույգ՝ որպես բանակցային գործընթացի կազմալուծում, որի սկիզբը դրվեց Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության խորհուրդը (ԵԱՀԽ) Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) վերակազմավորելու մասին Բուդապեշտի 1994թ. գագաթաժողովի որոշմամբ: Այս որոշմանը հետեւեց մեկ այլ որոշում` ԵԱՀԽ Մինսկի խմբի նախագահության վերակազմավորումը Ռուսաստան-ԵԱՀԿ համանախագահության: Ավելի ուշ համանախագահությունն ընդունեց եռակի տեսք՝ ի դեմս Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի:

Քանի որ Բուդապեշտի գագաթաժողովը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի զարգացման հիմքում դրել էր զորքերի շփման գծում կրակը դադարեցնելու մասին 1994թ. մայիսի 12-ի եռակողմ պայմանագիրը, ապա Մինսկի խմբի 1992թ. մանդատը, նոր որոշումներին չհամապատասխանելու պատճառով, կորցեց իր արդիականությունը: Բայցեւայնպես, պաշտոնապես 11 պետություններից բաղկացած Մինսկի խումբը չլուծարվեց:

Սակայն բանակցությունների իրավական բազան ամբողջովին լղոզվեց: Արդյունքում երկար ժամանակ անպատասխան էր մնում այն հարցը, թե հակամարտող կողմերից ով ում է ներկայացնում բանակցային գործընթացում: Առավել եւս անպատասխան էր մնում հարցը, թե ինչ իրավունքներ եւ պարտականություններ ունեն բանակցող կողմերը:

Բնավ պատահական չէ, որ ժամանակի ընթացքում կամայական փոփոխություններ տեղի ունեցան բանակցությունների ձեւաչափում, որից դուրս բերվեց ԵԱՀԿ 1994թ. գագաթաժողովում պաշտոնապես հակամարտության առանձին կողմ ճանաչված ղարաբաղյան կողմը: Հակամարտող կողմերի հարաբերությունները սկսեցին հիմնվել ոչ թե ԵԱՀԿ պաշտոնական որոշումների, այլ բանակցային գործընթացում ներգրավվածների «ազնիվ խոսքի» վրա:

Իսկ բանակցությունների թեման գնալով ավելի ու ավելի քիչ տեղ էր թողնում ինչպես առճակատող կողմերի, այնպես էլ միջնորդների որեւէ պատասխանատվության համար: Միանգամայն տրամաբանական է, որ նման սնամեջ բանակցությունները պետք է հանգեցնեին ռազմական էսկալացիայի, որը մենք տեսանք 2016թ. ապրիլին: 1994-ի պայմանագիրը խախտվեց Ադրբեջանի կողմից, որը միակողմանի կարգով որոշել էր արհամարհել այն:

Նման իրավիճակը պետք է «պայթեր», երբ բանակցող կողմերից մեկը հայտարարեց, թե բանակցությունները վարելու է հակամարտության մեջ ներգրավված կողմերի իրավունքների եւ պարտականությունների հիման վրա: Գործածության մեջ մտցվեց պատասխանատվության չափը կարգավորելու առաջարկություն: Եվ, ինչպես պարզվեց, այստեղ էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ մյուս շահագրգիռ կողմերի երեւակայությունը սպառվեց...

Թե ինչպես իրենց կպահեն հակամարտության կարգավորման համար պատասխանատու բոլոր սուբյեկտները՝ ցույց կտա ժամանակը:

acnis.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել