Մարտակերտի քաղաքապետի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց, մյուսների մասով նախաքննությունը շարունակվում է
 |hetq.am|
15:42 - 25 հոկտեմբերի, 2024

Մարտակերտի քաղաքապետի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց, մյուսների մասով նախաքննությունը շարունակվում է |hetq.am|

hetq.am: Արցախի Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է հանցակազմի բացակայության հիմքով։ Այս մասին «Հետքին» հայտնեց վերջինիս փաստաբան Արսեն Բաբայանը։ Փաստաբանի կարծիքով՝ այս քրեական գործը անհիմն էր նախաձեռնվել, և այն որակում է որպես քաղաքական հետապնդում։ «Քրեական հետապնդման ժամկետներն ավարտվում էին, չէին կարող ոչինչ անել, քան դադարեցնել հետապնդումը, որովհետև առաջին օրվանից մինչև հիմա որևէ տվյալ չի ստացվել, որ Գյուրջյանը կատարել է հանցանք»,- հայտնեց Արսեն Բաբայանը։ 

Քրեական հետապնդումներ էին նախաձեռնվել նաև Ստեփանակերտի և Ասկերանի քաղաքապետների նկատմամբ՝ կեղծ փաստաթղթերով հափշտակություն կատարելու համար։

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը «Հետքին» հայտնել էր, որ համայնքապետները մեքենաներով են եկել, որոնք համայնքին են պատկանել, և համայնքապատկան այդ մեքենաները, որպեսզի կարողանան շահագործել տարբեր նպատակներով, ավագանու որոշում են կայացրել, և այդ որոշմամբ՝ որևէ ֆիզիկական անձի անունով են գրանցել։ «Սրա անունը դրել են խարդախություն, սակայն խարդախություն նշանակում է խաբեություն կամ վստահության չարաշահում։ Ու՞մ են խաբել, ու՞մ վստահությունն են չարաշահել, ու՞մ է պատկանում այդ գույքը, իրենք ի՞նչ են անում, ես չեմ հասկանում, ու՞մ են վերադարձնում այդ գույքը։ Վերցնում են այդ մեքենաները, որ Ադրբեջանի՞ն հանձնեն։ Գլխիս մեջ չի տեղավորվում»,- ասել էր նա։

Ռուբեն Մելիքյանը «Հետքին» հայտնեց, որ Ստեփանակերտի քաղաքապետի գործով նորություն այս պահի դրությամբ դեռևս չկա, նախաքննությունը շարունակվում է։ «Անկեղծ ասած, մեզ համար ի սկզբանե անհսականալի էր այս հանցակազմի կիրառումը։ Քաղաքական պատճառներով է կիրառվել»,- նշեց Ռուբեն Մելիքյանը՝ հավելելով, որ իրենք ևս սպասում և ակնկալում են քրեական հետապնդման դադարեցման որոշման։

Նրա խոսքով՝ Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ այժմ կիրառված է վարչական հսկողություն խափանման միջոցը։ «Բայց ամենախիստ ռեժիմով է կիրառված, կարելի է կիսով չափ տնային կալանք համարել, որովհետև երեկոյան ժամը 7-ից մինչև առավոտյան ժամը 7-ը իր վարձակալած բնակարանը լքելու արգելք է նախատեսված և մի շարք այլ արգելքներ»,- ասում է Մելիքյանը։

Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի փաստաբան Վահե Եփրիկյանը «Հետքին» հայտնեց, որ իր վստահորդի նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթով ևս նախաքննությունը շարունակվում է, գործը կարճելու վերաբերյալ այս պահի դրությամբ՝ որևէ տեղեկություն չունեն: Հայկ Շամիրյանի նկատմամբ ևս կիրառված է վարչական հսկողություն խափանման միջոցը։ Վահե Եփրիկյանն ընդգծում է, որ այս քրեական գործը «դասական քաղաքական հետապնդում է»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել