Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունի պետական սահման. Նիկոլ Փաշինյան

 |armenpress.am|
21:25 - 09 փետրվարի, 2022

Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունի պետական սահման. Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունի պետական սահման, քանի որ երկրների միջև դեռևս խորհրդային ժամանակներում գոյություն է ունեցել սահման, որը դելիմիտիացիայի է ենթարկվել, իսկ 1991 թվականի ԱՊՀ ստեղծելու մասին համաձայնագրով, որը վավերացրել է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի խորհրդարանների կողմից, այդ սահմանները ճանաչվել են։ Ազգային ժողովում Կառավարության անդամների հարց ու պատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կարծում ենք, որ ահա այս պայմանավորվածությունները պետք է իրագործվեն այս տրամաբանությամբ։ Ընդ որում, պատրաստ ենք լսել այլ առաջարկներ և այլ պատկերացումներ»,- ասաց վարչապետը։

Խոսելով այս թեմայով անհիմն շահարկումների մասին առ այն, թե գյուղերը անպաշտպան են մնալու և այլն, Փաշինյանը նկատեց. «Չկա այդպիսի բան, և առաջարկների փաթեթում ամեն ինչ հաշվի է առնված։ Պետք է նաև խոստովանել մի բան, որ այդ առաջարկը, որ մենք անում ենք, այնպես չէ, որ 100 տոկոսով կոմֆորտ է Հայաստանի համար կամ դիսկոմֆորտ է Ադրբեջանի համար։ Կա սահմանային գիծ և, կարծում ենք, որ այդ սահմանային գծով պետք է հետ քաշում տեղի ունենա, ընդ որում արձանագրելով, որ սա չի կանխորոշում սահմանազատման և սահմանագծման հետագա արդյունքները, այլ դա պետք է լինի համապատասխան բանակցությունների առարկա։ Կարծում եմ, որ այս առաջարկեները հիմնված են լեգիտիմ և օրինական արձանագրումների վրա»։

Վարչապետը կարևորեց, որ այս առաջարկների էությունը մեր խորհրդարանական գործընկերների կողմից պատշաճ ձևով ներկայացվի միջազգային հանրությանը, որովհետև իրավիճակի ոչ ճիշտ մեկնաբանությունը որոշ ուժեր կարող են օգտագործել սահմանին նոր էսկալացիաներ հրահրելու համար։ «Եվ մեզ համար շատ կարևոր է արձանագրել լեգիտիմ օրինական իրողությունները և արձանագրել, որ կա գործուն այսպիսի մեխանիզմ, որը կարող է կանխել հետագա որևէ էսկալացիա»,- եզրափակեց Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել