«Քարերի սիմֆոնիայի» ճանապարհին շինարարական աշխատանքներ են․ բննախի պնդմամբ առկա է դրական եզրակացություն
18:15 - 22 մարտի, 2019

«Քարերի սիմֆոնիայի» ճանապարհին շինարարական աշխատանքներ են․ բննախի պնդմամբ առկա է դրական եզրակացություն

Այսօր Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը հրապարակում էր կատարել, ըստ որի՝ ճանապարհի շինարարության աշխատանքներ են ընթանում Գառնու կիրճում՝ տաճարից դեպի «Քարերի սիմֆոնիա» տանող ճանապարհին, չնայած նրան, որ բնական հուշարձանների անձնագրերում ամրագրված է, որ դրանց մերձակա տարածքում արգելվում է միջավայրի փոփոխությունը, և բացի այդ, մտավախություն կա, որ նոր կառուցվող ջրատարով գյուղի կոյուղաջրերը լցվելու են Ազատ գետ:

Նշենք, որ «Քարերի սիմֆոնիան», որ գտնվում է Ազատ գետի կիրճում, համարվում է բնական հուշարձան և պաշտպանվում է օրենքով: Այս վայրը հայտնիներից մեկն է Հայաստանի տեսարժան վայրերի ցանկում:

Գառնու համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկատվությունը, որ գյուղում ճանապարհի շինարարական աշխատանքներ են ընթանում. «Հիմնանորոգվում է Գառնուց դեպի «Սիմֆոնիա» և ձորից դեպի անտառ գնացող ճանապարհը: Առաջ էլ ճանապարհ կար, բայց դժվարանցանելի էր, միայն բարձր մեքենաները՝ ջիպերը, նիվաներն էին կարողանում անցնել, հիմա ասֆալտապատվելու է, լուսային համակարգ է ներդրվելու, աղբամաններ են տեղադրվելու, ու այդ ամենը մշտապես գտնվելու է համայքապետարանի հսկողության տակ։ Աշխատանքները սկսվել են նախորդ տարվա գարնանից, ձմռանը դադարեցվել էին, իսկ այժմ՝ վերսկսվել: Նախատեսվում է, որ ամբողջությամբ կավարտվեն այս տարի։

Համայնքապետարանի ներկայացուցիչը տեղեկացրեց, որ սա պետական ծրագիր է, իրականացվում է «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ»-ի կողմից՝ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ, մի մասն էլ սկզբում պետությունն է ֆինանսավորել։ «Մենք բոլոր թույլտվություններն ունենք նախարարությունների կողմից: Եթե մենք ունենք բնական պատմամշակութային հուշարձան, թույլատվությունը պետք է տան բնապահպանության և մշակույթի նախարարությունները, որոնք մենք ստացել ենք: Ու վստահ կարող եմ ասել՝ այստեղ այնպիսի աշխատանք նախատեսված չէ, որից հուշարձանը կարող է վնասվել։ Ծանր տեխնիկաներ չեն աշխատում, հիմնականում ձեռքով աշխատանքներ են կատարվում, պայթեցումներ չեն լինելու։ Այդ հուշարձանը մեր համայնքի համար շատ կարևոր նշանակություն ունի, և չէինք կարող թույլ տալ, որ ինչ-որ բան վնասեր հուշարձանին։ Ինքը պետական ծրագիր է, հանրային լսումներ են եղել, չգիտեմ՝ այդ բողոքները որտեղից են եկել, բայց վստահեցնում եմ, որ անհիմն են»,-ասաց նա:

Համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարը բացառեց, որ կոյուղաջրերը ջրատարի միջոցով կարող են Ազատ գետը լցվել․ «Պատկերացրեք ջրահեռացումը. դիք է իջնում, ու անձրևաջրերը ճանապարհով այսպես թե այնպես իջնում էին ձորը, հիմա կոկիկ ջրահեռացում է լինելու ճանապարհի կողքով։ Կոյուղաջրերի՝ գետը լցվելու առումով մտահոգություն կա այնքանով, որ եթե մենք անուշադիր լինենք, և վատ մարդիկ պատահեն, որ ուզենան նման բան անել․․․Բայց մենք բնակիչներին էլ ասել ենք, որ հետևողական ենք լինելու ու թույլ չտանք, եթե նման բան ուզեն անել։ Մի բնակիչ կար, ասում էր. «բա որ էսքան գործն անում են, ինչի՞ չեն նախատեսել կոյուղագիծ անցկացնել», ես բացատրեցի, որ ոչ թե ծախսերի խնդիրն էր պատճառը, այլ թե այդ կոյուղաջուրն ուր պիտի գնա. ոնց գնար, հայտնվելու էր գետում։ Բոլորս էլ հասկանում ենք, որ սա մաքուր ջուր է, որից առաջինը հենց մենք ենք օգտվում։ Բացառվում է, որ այդ ջրատարներին կոյուղաջուր միացվի, հաստ բետոնով փակ համակարգ է, չեն կարող ուղղակի բերել, միացնել, երկար աշխատանք է պահանջվելու, ու մենք անպայման կիմանանք դրա մասին»:

ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանը պարզաբանեց, որ այդ գործունեությունը նախարարության փորձաքննության արդյունքում դրական եզրակացություն է ստացել:

«Մեր «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ում փորձաքննություն է անցել ու ստացել դրական եզրակացություն։ Փորձաքննությամբ գնահատում են շրջակա միջավայրի վրա տվյալ գործունեության ազդեցությունը, և դրական եզրակացություն տրվում է այն ժամանակ, երբ գտնում են, որ շրջակա միջավայրի վրա ազդեցությունը թույլատրելի սահմաններում է։ Այն տրվել է 2017 թվականի մայիսին և վերաբերում է Գառնու քարերի սիմֆոնիայից Խոսրովի անտառ պետական արգելոցի այցելուների կենտրոն տանող ճանապարհի վերականգնման աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատմանը։ Նշենք, որ այնտեղ ճանապարհ նախկինում էլ եղել է, հիմա ուղղակի բարեկարգում են»,-ասաց Արմեն Վարդանյանը:

Նշենք, որ այս  շինարարությունը մաս է կազմում «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» (ՏՏԵԶ) ծրագրի, որը Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհրդի կողմից հաստատվել է դեռևս 2015 թվականի դեկտեմբերին: 

Աստղիկ Քեշիշյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել