ԱՄՆ-ն ու Իրանը մոտ են միջուկային գործարքի շուրջ համաձայնության ձեռքբերմանը |hetq.am|
21:59 - 18 փետրվարի, 2022

ԱՄՆ-ն ու Իրանը մոտ են միջուկային գործարքի շուրջ համաձայնության ձեռքբերմանը |hetq.am|

hetq.am: ԱՄՆ-ն Իրանից հետո լավատեսություն է հայտնել Վիեննայում ընթացող բանակցությունների կապակցությամբ, որոնք միտված են Իրանական միջուկային գործարքի Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի վերականգնմանը։ «Վերջին մեկ շաբաթվա ընթացքում գրանցվել է էական առաջընթաց»,- Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ փետրվարի 17-ին AFP-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը։ «Եթե Իրանը լուրջ է տրամադրված, մենք կարող ենք և պետք է առաջիկա օրերին գանք համաձայնության»,- հավելել է նա։ 

Ամերիկյան կողմը հայտարարել է, որ ցանկացած հապաղում վտանգի տակ կդնի գործարքին վերադառնալու հնարավորությունը։ Ավելի վաղ, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հայտարարել էր, որ Թեհրանը առաջիկա օրերին «կամ լուրջ ճգնաժամ կհրահրի, որը կարելի է շրջանցել, կամ էլ կընդունի համաձայնության պայմանները, որը հարգում է բոլոր կողմերի շահերը և, մասնավորապես, Իրանի»,- նշել է ֆրանսիացի դիվանագետը։ 

Այն մասին, որ կողմերը «առավել քան երբևէ մոտ են համաձայնության», փետրվարի 16-ին թվիթերյան իր միկրոբլոգում գրել էր նաև Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալի Բաղերի Քանին, որը գլխավորում է իրանական պատվիրակությունը։

Ընդ որում, նա հայտարարել է, որ գործարք չի լինի, «քանի դեռ ամեն ինչ չի համաձայնեցվել»՝ գործընկերներին կոչ անելով բանակցություններում լինել իրատես և «դասեր քաղել վերջին չորս տարիներից»։

Իրանն իր միջուկային ծրագրի ակտիվ զարգացումը սկսել է նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի նախագահության տարիներին (2005-2013 թվական)։ Միևնույն ժամանակ ՄԱԳԱՏԷ-ն մշտական ստուգումներ էր սկսել Իրանի միջուկային օբյեկտներում, որը վերջին հաշվով հաստատեց իրանցիների կողմից միջուկային զենքի ստեղծման աշխատանքները։ Այդ ժամանակ, ի պատասխան Իրանի գործողությունների, ԱՄՆ-ն ու Եվրոպական երկրները պատժամիջոցներ սկսեցին սահմանել Իրանի ֆինանսական հատվածի, էներգառեսուրսների և զինամթերքի արտահանման վրա։ Արդյունքում, իրանական տնտեսությունն էականորեն տուժեց։

Իրավիճակը որոշակիորեն կարգավորվեց 2015 թվականին՝ Հասան Ռոհանիի կառավարության ջանքերի շնորհիվ։ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու Իրանը կնքեցին Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրը։ Թեհրանը սահմանափակեց իր միջուկային ծրագիրը, իսկ նրա վրայից հանվեցին պատժամիջոցները։ Սակայն 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն դուրս եկավ գործարքից և վերականգնեց Իրանի նկատմամբ պատժամիջոցները։ Ի պատասխան Թեհրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների աստիճանական կրճատման մասին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել