Փետրվարի 13-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կառավարությունը քննարկում է առանց մեղադրական դատավճռի գույքի վրա բռնագանձում տարածելու մեխանիզմը՝ նշելով, որ այն անցումային արդարադատության էլեմենտ է, և եթե մարդը չի կարողանում ապացուցել, որ գույքը ձեռք է բերել օրինական ճանապարհով, ապա այդ գույքը համարվում է ապօրինի։
Այս մեխանիզմի վերաբերյալ պարզաբանումներ ենք ստացել «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի հակակոռուպցիոն քաղաքականության փորձագետ Խաչիկ Հարությունյանից։
«Կա civil confiscation-ի գաղափարը, որը ենթադրում է՝ պարտադիր չէ նույնիսկ քրեական գործ հարուցելը։ Դու ակնհայտորեն տեսնում ես, որ հարստությունը, գույքը հիմնավորված չէ, ու չես ցանկանում քո պետական ռեսուրսները տարիներով վատնել՝ մինչև քրեական գործ կհարուցվի, գործը կգնա դատարան, այլ զուտ արդյունք ես ուզում, ապա անում ես դա քաղաքացիական կոնֆիսկացիայի միջոցով։ Այսինքն՝ եթե չի կարողանում ապացուցել, որ օրինական ճանապարհով է ձեռք բերել այդ ունեցվածքը, ինչ-որ պետական մարմին, դա կարող է լինել դատախազությունը կամ այլ մարմին, ուղղակի մտնում է դատարան ու վերցնում գույքը։ Ինչպես ասացի, կարող է նաև առանց դատարան մտնելու էլ անել, բայց դա չի խրախուսվում, քանի որ Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի անդամ երկիր ենք, և կա սեփականության իրավունքի պաշտպանության խնդիր։ Հետևաբար՝ ցանակալի է, որ դատարանով լինի»։
Հարությունյանի խոսքերով՝ սա լրիվ նորմալ պրակտիկա է, հատկապես հետհեղափոխական երկրների համար, որոնք խնդիր ունեն արագ ոտքի կանգնելու, տնտեսությանը զարկ տալու։ «Որպեսզի տնտեսությունն աշխատի, բնականաբար, պետք է գումար գտնել։ Գումար գտնելու տարբերակներից մեկն էլ թալանված միջոցների հետբերումն է։ Սա մեծ ու բարդ գործընթաց է։ Այսպես է լինում, որովհետև սովորաբար նախկին իշխանությունները իրավական համակարգը իրենց շահերի ներքո են կառուցած լինում, որ ամեն ձևով պաշտպանեն իրենց գույքը։ Հիմա եթե հին խաղի կանոններով խաղանք, իրավական համակարգի այն նույն տրամաբանությամբ, որ ստեղծվել է վերջին 20 տարիների ընթացքում՝ նախկին իշխանություններին պաշտպանելու նպատակով, այդ ճանաարհը կարող է շատ երկար տևել ու արդյունքում ոչ մի տեղ չտանել, ընդհանրապես որևէ արդյունք չտալ»,- ասաց հակակոռուպցիոն քաղաքականության փորձագետը։
Հարցին, թե այստեղ չի դիտարկվում արդյոք անմեղության կանխավարկածի խախտումը, Խաչիկ Հարությունյանը պատասխանեց․ «Ես օրինակ բերեմ․ ենթադրենք՝ քաղաքացին բանկի հետ խնդիր ունի, վարկը ժամանակին չի կարողանում վճարել, բնականաբար միանգամից դատարան է ուղարկվում գործը, ու հարկադիրը դնում է արգելանքի տակ նրա գույքը կամ հաշիվը։ Հիմա այստեղ անմեղության կանխավարկածի խնդիր կա՞, իհարկե, չկա, որովհետև խնդիրը ոչ թե անձին է վերաբերում, որ անձը հանցանք է կատարել ու դրա պատճառով պետք է նրան տուգանել, պատժել արարքը, այլ հնարավորինս արագ պետությունից թալանված միջոցները վերադարձնելուն։ Կոպիտ ասած՝ եղբա՛յր, ինձ չի հետաքրքրում՝ դու հանցանք ես արել թե ոչ, ինձ առաջնային հետաքրքրում է գույքի հետբերումը ամենակարճ միջոցով, որովհետև ես ժամանակ չունեմ՝ իմ տնտեսությունը բարձիթողի վիճակում թողնելու։ Եվ քանի որ այստեղ առաջնահերթը գույքի վերադարձն է, անձին քրեորեն պատժելը, թեև որպես այդպիսին չի բացառվում, բայց երկրորդ պլան է մղվում։ Սա ինձ համար շատ ողջունելի տարբերակ է, այստեղ բացարձակ խնդիր չեմ տեսնում»։
Հարությունյանն անդրադարձավ նաև հարցին, թե միջազգային պրակտիկայում վերականգնված գումարների հետագա տնօրինումն ինչպես է կազմակերպվում՝ նշելով, որ ամեն պետություն ինքն է որոշում՝ ինչ տարբերակով կառավարել վերադարձված գույքը։ «Գործադիր մարմնի խնդիրը պետք է լինի որոշելը՝ ինչպես կարելի է այդ գումարներն առավել արդյունավետ ու ճիշտ տնօրինել։ Օրինակ՝ Ուկրաինայում հատուկ մարմին են ստեղծել, որը զբաղվում է վերականգնված ակտիվների կառավարմամբ․ գումարը ինչ-որ հատուկ ֆոնդերում են ներդնում, որ այդ գումարից ավելի շատ գումար գա։ Ես այս տարբերակի կողմանկիցն եմ»։
Աստղիկ Քեշիշյան
comment.count (0)