Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումները նվազել են, այլ երկրներից՝ աճել |hetq.am|
07:25 - 14 մայիսի, 2019

Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումները նվազել են, այլ երկրներից՝ աճել |hetq.am|

hetq.am: Այս տարվա առաջին եռամսյակում ֆիզիկական անձինք բանկային համակարգի միջոցով արտերկրից Հայաստան են փոխանցել մոտ 391.5 մլն դոլարին համարժեք գումար։ Ինչպես վկայում են Կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) տվյալները, 2018 թվականի առաջին եռամսյակի համեմատ տրանսֆերտների այս ծավալն աճել է 33.2 մլն դոլարով կամ 9.2%-ով։

Աճել է ինչպես արտերկրից Հայաստան փոխանցվող գումարների ծավալը, այնպես էլ՝ Հայաստանից դեպի արտերկիր փոխանցվող։ Այսպես, այս տարվա առաջին երեք ամիսներին Հայասատնից արտերկրի է փոխանցել մոտ 286.7 մլն դոլարին համարժեք գումար, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 13.2 մլն դոլարով կամ 4.8%-ով։ Հիշեցնենք, որ խոսքը ֆիզիկական անձանց, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի կատարած դրամական փոխանցումների մասին է։

Այս տարի դրական դինամիկա է նկատվում նաև զուտ ներհոսքի մասով, որը ցույց է տալիս դեպի Հայաստան և Հայաստանից արտերկրի կատարված դրամական փոխանցումների տարբերությունը։ Այլ խոսքով՝ զուտ ներհոսքը ներհոսքի ու արտահոսքի տարբերությունն է։ Այն այս տարվա առաջին եռամսյակում կազմել է 104.8 մլն դոլար, որը նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ աճել է մոտ 20 մլն դոլարով կամ 23.5%-ով։

Ռուսաստանից եկող փողը պակասել է, այլ երկրներից՝ աճել
Դեպի Հայաստան ամենից շատ Ռուսաստանից է գումար ուղարկվում, ինչը, բնականաբար, պայմանավորված է այդ երկրում արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցների ուղարկած գումարներով։ Սակայն, դեռևս նախորդ տարվա վերջերից Ռուսաստանից եկող փողը պակասում է։ Մասնավորապես, այս տարվա առաջին երեք ամիսներին բանկային համակարգի միջոցով Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումները կազմել են 195.6 մլն դոլար, որը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ կրճատվել է 6.1 մլն դոլարով կամ 3%-ով։

Փոխարենը զգալի ավելացել է այլ երկրներից կատարվող դրամական փոխանցումների ծավալը։ Կենտրոնական բանկը տրանսֆերտների վիճակագրությունը ներկայացնելիս առաձնացնում է մի քանի երկներ, ինչպես Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Գերմանիան, Իսպանիան, Ֆրանսիան և այլն։ Եվ մնացած երկների ցուցանիշները ներկայացնում է «այլ երկրներ» տողով։

Այս տարվա առաջին եռամսյակում նշված «այլ երկրներից» Հայաստան է փոխանցել մոտ 105 մլն դոլար, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 38.8 մլն դոլարով կամ 58.6%-ով աճել է։ Բայց թե կոնկրետ որ երկրների մասին է այստեղ խոսքը, Կենտրոնական բանկը չի մանրամասնում։

Ավելին՝ hetq.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել