Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը․ Հիքմեթ Հաջիև
18:45 - 03 ապրիլի, 2022

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը․ Հիքմեթ Հաջիև

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունն, ինքնիշխանությունն ու սահմանների անխախտելիությունը, ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի պետ Հիքմեթ Հաջիևը TRT World-ին տված հարցազրույցում՝ անդրադառնալով Հայաստանին ներկայացրած առաջարկներին։

«Մենք հայկական կողմին ենք ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հիմնական սկզբունքները։ Դրանք ձևակերպված են միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա և հիմք են բարիդրացիական հարաբերությունների համար։ Եթե դուք (Հայաստանը – խմբ․) ցանկանում եք բարիդրացիական հարաբերություններ հաստատել, ամեն ինչ սկսվում է առաջին և ամենակարևոր որոշումից․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունն, ինքնիշխանությունն ու սահմանների անխախտելիությունը։ Ինչպես նաև զերծ մնան տարածքային ամբողջակակնության դեմ ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից», - «Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ ասել է Հաջիևը։

«Հայաստանը պետք է վերջ տա Ադրբեջանի նկատմամբ այս տարածքային պահանջներին։ Այդ ժամանակ, դրանից ելնելով, մենք կկարողանանք առաջ շարժվել», - հավելել է նա։

Հաջիևը խոսել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։

«Մենք սատարում ենք այդ գործընթացը, սակայն միաժամանակ կողմ ենք այդ գործընթացի երկու ուղղությունների՝ հայ-ադրբեջանական, ինչպես նաև՝ հայ-թուրքական հարաբերությունների համաժամանակյա և զուգահեռ զարգացմանը», - նշել է նա։

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել