Մեղադրանք է առաջադրվել տելեգրամյան էջում ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու համար
14:17 - 23 ապրիլի, 2022

Մեղադրանք է առաջադրվել տելեգրամյան էջում ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու համար

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ նախապատրաստվող ահաբեկչության մասին՝ քաղաքացի Մ.Բ.-ի կողմից սուտ հաղորդում տալու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ 

Նախնական տվյալներով, Telegram սոցիալական ցանցի օգտատերը, չունենալով նախապատրաստվող ահաբեկչության վերաբերյալ տվյալներ, 2022 թվականի ապրիլի 11-ին հանրության լայն շրջանակներին հասանելի իր տելեգրամյան էջում սուտ հաղորդում է տվել այն մասին, որ արտակարգ իրավիճակ ստեղծելու համար ահաբեկչություններ են հնարավոր ինչպես Երևանում, այնպես էլ` մայրաքաղաքից դուրս:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածի (Ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը կատարվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում:

Նախաքննության ընթացքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ով Telegram սոցիալական ցանցի՝ իր կողմից օգտագործվող էջում տեղադրել է վերոնշյալ բովանդակությամբ գրառումը:

Վերջինս ձերբակալվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով, և կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:

Նախաքննությունը շարունակվում է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել