Դատարանների արգելափակումով հարյուրավոր քաղաքացիների իրավունքներ ոտնահարվեցին. դատավոր Զարուհի Նախշքարյան |news.am|
14:42 - 21 մայիսի, 2019

Դատարանների արգելափակումով հարյուրավոր քաղաքացիների իրավունքներ ոտնահարվեցին. դատավոր Զարուհի Նախշքարյան |news.am|

news.am։ Երեկվանից դատական համակարգը ցնցված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելու գործողություններից և դրան հաջորդած վարչապետի ելույթից։ Այս իրադարձություններին զուգահեռ մամուլում և սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկվում են որոշ դատավորների ունեցվածքի, հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու վերաբերյալ տեղեկությունները։

Մայիսի 20–ի իրադարձությունների, հանրապետության բոլոր դատավորներին վեթինգի ենթարկելու, նրանց հրաժարականների պահանջի և Փաշինյանի ելույթում տեղ գտած այլ հարցերի շուրջ խոսել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը։

Ի՞նչ արդյունք ունեցավ դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելու երեկվա գործողությունը, որը իշխանությունները խաղաղ ակցիա էին համարում։

Հայաստանի Հանրապետության վարչապետի երեկվա կոչը վտանգեց մեր երկրի սահմանադրական կարգը։ Այն որևէ առնչություն չուներ այն հայտարարության հետ, որը Փաշինյանն արեց ժամը 12–ին՝ կառավարությունում։ Դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելու գործողությունը որևէ տրամաբանական կապ չունի այդ հայտարարության հնչեցման հետ։

Մի՞թե անհրաժեշտ էր դատարանների վարչական շենքերը փակել, որպեսզի 10-20 հոգով հավաքվեին և նի՞ստ անեին, որպեսզի վարչապետը հայտարարություն տարածեր կամ «լա՞յֆ» մտներ, դրա համար անհրաժեշտ էր դատարանների աշխատանքը կազմալուծե՞լ։

Այդ դեպքում ըստ Ձեզ՝ ի՞նչ նպատակ էր հետապանդում դատարանների շրջափակումը։

Կարծում եմ, այդ քայլն ինքնանպատակ էր , այլ բացատրություն ես չեմ տեսնում։
Այն հանգամանքը, որ աշխատանքային կես օր դատարանների աշխատանքը կազամալուծված է եղել, դրա միակ արդյունքն այն էր, որ բազմաթիվ քաղաքացիների չհաջողվեց իրացնել արդար դատաքննության իրավունքը։

Գաղտնիք չէ, որ քաղաքացիներն ամիսներով սպասում են իրենց դատական նիստին, և հարյուրավոր քաղաքացիների իրավունքներն այդ օրը ոտնահարվեցին։ Անվիճելի է, որ այդ քայլը միջամտություն է դատական իշխանության գործառույթներին գործադիրի և նաև օրենսդիրի կողմից։ Պատգամավորներ էին կանգնած դատարանների մուտքերի մոտ և արգելում էին դատավորների մուտքն իրենց աշխատավայր, ինչն աննախադեպ և աննպատակ էր։

Ինչո՞ւ հենց երեկ որոշվեց նման ակցիա իրականացնել և ո՞րն էր, ըստ Ձեզ, վարչապետի ելույթի հրատապության պատճառը։

Ես դա այլ կերպ չեմ կարող մեկնաբանել, քան պայմանավորել դատավոր Դավիթ Գրիգորյանի՝ Քոչարյանի գործով կայացված որոշման հետ, ես այլ առիթ չեմ տեսնում։

Գործադիր իշխանության կողմից դատական իշխանության գործերին միջամտելն ի՞նչ հետևանք կարող է ունենալ իրավական պետության համար։

Այդ քայլով վտանգվում է երկրի պետականության և սահմանադրականության հարցը, սա շատ մեծ խնդիր է։ Սահմանադրությամբ ամրագրված է իշխանությունների տարանջատման սկզբունքը. այդ դրույթի իմաստն այն է, որ գործադիրն ու օրենսդիրը չկարողանան միջամտել դատական իշախնաության գործերին, սակայն երեկվա վարչապետի հայտարարությունը չի կարող այլ կերպ մեկնաբանվել, քանի միջամտություն։

Շարունակությունը՝ news.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել