Վարկային համաձայնագրեր՝ Հայաստանի, Զարգացման ֆրանսիական գործակալության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ
Հայաստանի ֆինանսների նախարարությունում երեկ՝ նոյեմբերի 17-ին «Հարկաբյուջետային կայունության եւ ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր» քաղաքականության վրա հիմնված բյուջետային աջակցության համատեղ ծրագրի շրջանակներում ստորագրվել են «Հայաստանի Հանրապետության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ վարկային համաձայնագիրը»՝ 100 մլն եվրո արժողությամբ (տրամադրվելու է երկու մասնաբաժիններով) եւ «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ վարկային համաձայնագիրը՝ 100 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ:
Փաստաթղթերը ստորագրել են Հայաստանի Հանրապետության անունից ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, Զարգացման Ֆրանսիական գործակալության Արեւելյան Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի եւ Ասիայի բաժնի տնօրեն Սիրիլ Բելիեն եւ Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լուոն: Ասիական զարգացման բանկի անունից համաձայնագիրը ստորագրել է ԱԶԲ Հայաստանյան գրասենյակի տնօրենի տեղակալ Հուիպինգ Հուանգը:
Ֆինանսների նախարարության հաղորդմամբ, բյուջետային ֆինանսավորման հիմնական նպատակներն են՝
ամրապնդել հանրային ֆինանսների կառավարման արդյունավետությունը եւ փողի ու կապիտալի շուկաների զարգացումը,
մշակել կանաչ տնտեսության անցման ռազմավարական շրջանակ եւ ներդնել հանրային ու մասնավոր ֆինանսավորման խթանմանն ուղղված գործիքներ՝ կլիմայական փոփոխությունների մեղմացման եւ հարմարեցման նպատակներն իրագործելու համար։
12:25 - 18 նոյեմբերի, 2022