Կառավարող ուժի ճկվող դիրքորոշումը՝ սահմանազատման գործընթացի վերաբերյալ
18:05 - 18 մայիսի, 2022

Կառավարող ուժի ճկվող դիրքորոշումը՝ սահմանազատման գործընթացի վերաբերյալ

Մայիսի 10-ին Արդբեջանի արտաքին գործերի նախարարը հայտարարեց, որ հայկական կողմի հետ ձեռք է բերվել սահմանազատման հանձնաժողով ստեղծվելու պայմանավորվածություն։ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ հանձնաժողովի ստեղծման շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, սակայն հանձնաժողովի կազմը պարզ չէ։

Դեռ մի տարի առաջ Հայաստանը նախապայմաններ էր առաջ քաշել այս գործընթացի մեկնարկի համար, սակայն դատելով վերջին հայտարարություններից՝ կառավարությունը փոխել է դիրքորոշումը՝ հետ կանգնելով իր իսկ առաջ քաշած նախապայմաններից։

Այսպիսով, մայիսի 16-ին Մարիա Կարապետյանը հյուրընկալվել էր Հանրային հեռուստաընկերությանը։ Խոսակցությունը Ադրբեջանի ներկայացրած 5 կետերի և հայկական կողմի առաջարկների շուրջ էր։

Հիշեցնենք՝ մարտի 14-ին պարզ դարձավ, որ Ադբեջանը Հայաստանին փոխանցել է 5 կետանոց առաջարկ, որտեղ խոսվում է նաև միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու և պետական սահմանի դեմարկացիայի ու դելիմիտացիայի մասին։

Հետագայում հայկական կողմը հայտարարեց, որ Հայաստանն Ադրբեջանին ներկայացրել է 6 կետանոց պատասխան առաջարկ, որի բովանդակությունը համընկնում է ԱԳ նախարար  Արարատ Միրզոյանի՝ «Արմենպրեսին» տված հարցազրույցում հայտնած դիրքորոշմանը։ Իսկ մայիսի 13-ին հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը վերջապես հրապարակեց հայկական կողմի 6 կետերը։

Հարցազրույցի ընթացքում լրագրողը Մարիա Կարապետյանին հարց տվեց այն մասին, թե ինչու հայկական կողմի պատասխան առաջարկներում ոչինչ չի նշվում այն մասին, որ Ադրբեջանը նախևառաջ պետք է իր զինված ուժերը հետ քաշի Հայաստանի սուվերեն տարածքից, հետո քննարկվեն մյուս հարցերը։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա մայիսի 12-ից ադբեջանական զորքերը Սյունիքում ու Գեղարքունիքում հատել են ՀՀ ինքնիշխան տարածքն ու մինչև օրս շարունակում են մնալ այնտեղ։

Մարիա Կարապետյանը պատասխանեց․ «Ես կարծում եմ՝ էն տրամաբանությունը, որ մեր մի փոքր շահը, իսկ, եկեք ընդունենք, որ, առհասարակ, ԼՂ ժողովրդի իրավունքների պաշտպանությունն ավելի մեծ շահ է, քան ներխուժման վերացումը․․․ Բոլորս ընդունում ենք, չէ՞, որ ամենամեծ, գլոբալ խնդիրը ԼՂ ժողովրդի իրավունքների, ազատությունների, անվտանգության պաշտպանումն է, ՀՀ ինքնիշխանության, սուվերենության պաշտպանումը ևս։ Մենք մեր մի փոքր շահը չենք կարող որպես նախապայման դնել մնացած բոլոր մեր շահերի սպասարկման համար։ ․․․․ Կարծես ասել, որ երակներս կկտրեմ, եթե այսինչ բանը չանեք․․․ Է, կտրի»․․․

Մարիա Կարապետյանի այս միտքը հակասում է Հայաստանի Հանրապետության՝ նախկինում հնչեցրած պաշտոնական դիրքորոշումներին և Կարապետյանի թիմակիցների հայտարարություններին։ Նախ՝ կառավարող ուժի ներկայացուցիչները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեկ անգամ չէ, որ հայտարարել են՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների ճշգրտումն ու Արցախի խնդրի կարգավորումը միմյանցից տարբեր հարցեր են։ Երկրորդ՝ հայկական կողմը պաշտոնապես հայտարարել է, որ Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթաց սկսելու նախապայման է ադրբեջանական զորքերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս գալը։

Անդրադառնանք այս երկու կետերին առանձին-առանձին։

 

Սահմանազատում և Արցախի հարց

2021-ի մայիսի 21-ին ԱԳՆ նախկին խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնել էր․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանների սահմանագծման և հետագայում սահմանազատման գործընթացները պետք է մաս կազմեն հակամարտության համապարփակ խաղաղ կարգավորման գործընթացի, որի շրջանակներում առաջնային կերպով պետք է հասցեագրվեն Արցախի Հանրապետության տարածքների դեօկուպացիայի և Արցախի վերջնական իրավական կարգավիճակի որոշման հարցերը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո»:

Հետագայում, սակայն, Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը փոխվեց։

Նիկոլ Փաշինյանը 2021-ի մայիսի 29-ին՝ ՔՊ համակիրների հետ հանդիպման ընթացքում, հայտարարեց, որ Արցախի հարցը տարանջատված է սահմանների դեմարկացիայի թեմայից․ «Շատ կարևոր է ընդգծել, և այդ ընդգծումը կա նաև մեր միջզգային գործընկերրների հետ․ Ղարաբաղի հարցի կագավորումը բովանդակային առումով չի առնչվում սահմանների ճշգրտման հետ»։ 

Նոյեմբերի 5-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը վերաբերում է միայն Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների հստակեցմանը․ «Սահմանների ճանաչումը այլ հարցերի հետ փոխկապակցելը որևէ տեղ չտանող քննարկում է»։

Նոյեմբերի 17-ին՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Մարիա Կարապետյանի հարցին, ասաց․ «Մենք հստակ արձանագրել ենք, որ մեզ համար երեք տարբեր հարցերը իրար հետ փոխկապակցված չեն, մասնավորապես՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա և ԼՂ հիմնախնդրի կարգավորում։ Դրանք տարբեր հարցեր են, և այդ հարցերի քննարկման բովանդակությունը և բանաձևերը տարբեր են, ինչքան էլ մենք հասկանում ենք, որ, իհարկե, այդ հարցերը իրար հետ առնչություն ունեն համատեքստի առումով»։

Այսպիսով, ըստ կառավարող ուժի՝ նախկինում արած հայտարարությունների՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների հստակեցումը կապ չունի Արցախի հարցի կարգավորման հետ։ Այս դեպքում անհասկանալի է, թե ինչպես կարող է ադրբեջանական զորքերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս գալը նախապայման համարվել Արցախի խնդրի կարգավորման հարցում, եթե այդ գործընթանցները միմյանցից անկախ են։

 

ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս գալը նախապայման է սահմանազատում սկսելու համար

Երբ Ադրբեջանը հատեց պետական սահմանն ու օկուպացրեց ՀՀ ինքնիշխան տարածքը, Հայաստանը որոշեց դիմել ՀԱՊԿ-ին։ Մայիսի 27-ին էլ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց իր հայտնի առաջարկը՝ զորքերը հայելային հետ քաշելու մասին։

Հայաստանի սահմանին Ադրբեջանի սադրանքներից հետո ՀՀ պաշտոնատար անձինք բազմաթիվ հայտարարություններ են արել այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների ճշգրտման գործընթացի մեկնարկի նախապայման է ադրբեջանական զորքերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս գալը։

2021-ի մայիսի 17-ին՝ Հանրայինի հարցազրույցում, Արմեն Գրիգորյանը, խոսելով Արդբեջանի ներխուժման մասին, հայտարարեց․ «Էս գործընթացը մարտահրավեր է նոյեմբերի 9-ի հայտարարությանը, և տորպեդահարվում է ամբողջ ապաշրջափակման գործընթացը։ Ադրբեջանը պետք է հետ քաշվի իր ելման կետ, և մենք կշարունակենք սահմանների հստակեցման հետագա գործընթացը։ Բայց էն, որ Ադբեջանը պետք է լքի ՀՀ տարածքը և վրադառնա ելման կետ, հստակ է, և բանակցությունները միայն դրա շուրջ են։ Այս բանակցությունները միայն այս խնդրի մասին են, չեն կարող այս բանակցությունները փոխկապակցվել ցանկացած այլ հարցի հետ։ Դա կլինի Ղարաբաղ, դա կլինի ապաշրջափակում․ ցանկացած այլ հարցի հետ սա չի կարող կապ ունենալ։ Սա խնդիր է առանձին, և այս խնդիրը մենք պետք է լուծենք»։ 

Մայիսի 19-ին Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը մի փաստաթուղթ հրապարակեց, որտեղ խոսվում էր Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողով ստեղծելու մասին։ Նույն օրը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ ՌԴ-ն հանդես է եկել հայ-ադրբեջանական համատեղ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ։

Ի պատասխան՝ Հայաստանն «ընդգծեց նման աշխատանքներ նախաձեռնելուց առաջ ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների դուրսբերման անհրաժեշտությունը, որից հետո միայն պայմաններ կստեղծվեն նման քննարկումների համար»:

Հաջորդ օրը՝ խոսելով սահմանազատման հանձնաժողով ստեղծելու փաստաթղթի մասին, Արմեն Գրիգորյանը վերահաստատեց Հայաստանի դիրքորոշումը․ «Փաստաթուղթը պատրաստ ենք քննարկել, եթե Ադրբեջանն իր զինված ուժերն ամբողջությամբ դուրս է բերում Հայաստանի սուվերեն տարածքից։ Մինչև դա չի կատարվել, այս փաստաթղթի քննարկումը որևէ իմաստ չունի»։ 

ԱԳՆ նախկին խոսնակ Աննա Նաղդալյանը, մեկնաբանելով փաստաթուղթը, նշեց․ «ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումից հետո միայն պայմաններ կստեղծվեն որևէ ձևաչափով և օրակարգով քննարկումների հնարավորությունը դիտարկելու համար»

Մայիսի 21-ին հանդիպեցին Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը։ Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում էր․ «Հանդիպմանը կարծիքներ են փոխանակվել նաև սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ սկսելու հարցով Հայաստանի դիրքորոշման և ներկայացրած նախապայմանների շուրջ։ Ընդգծվել է, որ միայն վերջիններիս բավարարման դեպքում կստեղծվեն անհրաժեշտ պայմաններ՝ այդ ուղղությամբ համապատասխան քննարկումներ սկսելու համար»:

Մայիսի 26-ին ԱԺ-ում ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, խոսելով սահմանների հստակեցման գործընթացից, նշեց․ «Դե ֆակտո խորհրդային սահմաններով տեղադրվում էին ժամանակավոր հենակետերը, մինչև Ադբեջանական կողմից նախաձեռնած գործողությունները էդ սկսբունքն էր գործում փաստացի, և էդ սկզբունքը առաջինը խախտեց ադրբեջանական կողմը՝ հրահրելով այս իրավիճակը։ ․․․ Քանի դեռ մենք տվյալ հատվածներում՝ և՛ Սև լճի հատվածում, և՛ Գեղարքունիքի հատվածում, ադրբեջանական զորամիավորումների ամբողջական դուրսբերում չունենանք, ես չեմ կարծում, որ խելամիտ է պատկերացնել բանակցային ավելի հանգիստ և տրամաբանական գործընթաց»։

Հունիսի 22-ին՝ Կառավարության հերթական նիստի ընթացքում, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Վերահաստատում ենք Սոթք-Խոզնավար հատվածում երկու կողմերի ստորաբաժանումների՝ հայ-ադրբեջանական սահմանագծից հայելային հետքաշման, ռուս սահմանապահների և միջազգային դիտորդների տեղակայման ճանապարհով ճգնաժամի լուծման մեր առաջակը, ինչը կարող է անհրաժեշտ պայմաններ ստեղծել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման ուղղությամբ»: 

Նախընտարական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ոչ մեկ անգամ վերահաստատեց այս դիրքորոշումը (1, 2):

Հուլիսի 14-ին Տիգրան Ավինյանը լրագրողների հետ զրույցում նշեց․ «Վաղ թե ուշ՝ ինչ-որ մի օր, անպայմանորեն սահմանագծում և սահմանազատում մեր սահմանների պետք է տեղի ունենա մեր բոլոր հարևանների հետ, բայց շատ կոպիտ խախտելով մեր սահմանը և տեղակայվելով մեր սահմանի ներսում՝ շանտաժային մեթոդով փորձել մղել մեզ ինչ-որ գործողությունների անարդյունավետ ճանապարհ է։ ․․․․ Այո՛, անպայմանորեն պետք է նստել բանակցությունների սեղանին, բայց առաջին հարցը, որ պետք է քննարկվի, ադրբեջանական զորամիավորումների հեռացումն է ՀՀ տարածքից»։

Օգոստոսի 3-ին Նիկոլ Փաշինյանը կրկին խոսեց սահմանազատման գործընթացի մասին․ «Մեզ համար անընդունելի է ադրբեջանական զորքերի ներկայությունը մեր տարածքում և այդ պայմաններում դեմարկացիայի ու դելիմիտացիայի պրոցես իրականացնելը»։

Նոյեմբերին Սոչիում Պուտինի և Ալիևի հետ եռակողմ հանդիմանը Փաշինյանը բարձրացրեց Ադրբեջանի ներխուժման հարցը։ Իսկ այս տարվա հունվարին Արմեն Գրիգորյանը վերահաստատեց Հայաստանի դիրքորոշումը սահմանազատման վերաբերյալ․ «Այս առաջարկների ընդհանուր մասով երկար ժամանակ կառավարությունը և օրենսդիր մարմնի՝ մեր քաղաքական թիմի ներկայացուցիչները ներկայացրել են։ Դա վերաբերում է հայելային տարբերակով զորքերի հետքաշմանը, սահմանապահ զորքերի տեղակայմանը սահմանի երկայնքով՝ հաշվի առնելով Խորհրդային Միության տարիների գոյություն ունեցող քարտեզը կամ քարտեզները, և նաև այնպիսի քայլերի կատարում, որոնք պայմաններ կստեղծեն, որպեսզի կարողանանք դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի անցնենք»։

 

Նախապայմանից հրաժարում

Այս տարվա ապրիլի 7-ին Բրյուլսեում  Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ալիևի եռակողմ հանդիպումից հետո պարզ դարձավ, որ ձեռք է բերվել համաձայնություն ստեղծելու Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով։ Բրյուսելից վերադառնալուց հետո Փաշինյանը հայտարարեց, որ հրաժարվել է զորքերի հայելային ետքաշման առաջարկից․ «Մեր մտահոգությունը, թե Ադրբեջանը ցանկանում է դելիմիտացիային զուգահեռ պահպանել ռազմական լարվածությունը սահմանին Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներն արդարացնելու և նոր նկրտումներ ձևակերպելու համար, ի վերջո, ընկալված է միջազգային հանրության կողմից, բայց նաև մենք արդեն վտանգավոր մի գծի էինք հասել, երբ զորքերի հայելային ետքաշման առաջարկը կարող էր ընկալվել որպես իրադրությունը փակուղի մտցնելու քաղաքականություն»: 

Ինչպես տեսնում ենք, Հայաստանը պաշտոնապես հայտարարել է, որ սահմանազատման մեկնարկի նախապայման է ադրբեջանական զորքերի դուրսբերումը ՀՀ սուվերեն տարածքից։ Ըստ ամենայնի՝ սահմանազատման գործընթացը շուտով կմեկնարկի։ Իսկ դատելով Մարիա Կարապետյանի հայտարարությունից, որով նա ադրբեջանական զորքերի՝ ՀՀ սուվերեն տարածքից դուրս գալը համարում է «ավելի փոքր շահ»՝ Հայաստանը հրաժարվել է նաև այդ նախապայմանից։

Ամփոփելով նշենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մասին հայտարարություններում կառավարությունը միանշանակ չէ․ սկզբում նշվում էր,  թե այդ գործընթացը պետք է հակամարտության համապարփակ խաղաղ կարգավորման գործընթացի մաս կազմի, հետո ասվում էր, որ այդ երկու գործընթացները միմյանցից անջատ են, երբ Ադրբեջանը ներխուժեց Հայաստան, սահմանազատման գործընթաց սկսելու նախապայման էր ադրբեջանական զորքերի դուրսբերումը ՀՀ տարածքից, իսկ այժմ ոչ միան այդ նախապայմանի մասին չի խոսվում, այլև այն համարվում է «ավելի փոքր շահ»։

Մեր նախորդ հոդվածներից մեկում էլ անդրադարձել էինք այն հարցին, թե ինչպես է մեկուկես տարվա ընթացքում փոխվել կառավարող ուժի դիրքորոշումը՝ Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ։

Աննա Սահակյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել